Եթե մտահոգված չլինեի իրենց մասնագիտական պարտքը ազնվորեն կատարող լրատվամիջոցների ճակատագրով, անկեղծորեն կողմ կլինեի, որ Տիգրան Հակոբյանը ստանար իր երազած բոլոր լիազորությունները. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե մտահոգված չլինեի այն լրատվամիջոցների ու լրագրողների ճակատագրով, որոնք ազնվորեն կատարում են իրենց մասնագիտական պարտքը, անկեղծորեն կողմ կլինեի, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ստանար իր երազած բոլոր արտակարգ լիազորությունները՝ մեդիադաշտը սեփական պատկերացումներին համապատասխան կարգավորելու համար։

Ինչպիսի՞ «բարեփոխված եւ մաքրված» տեսք կստանար հայրենի լրագրությունը, եւ նման «էքսպերիմենտի» հետեւանքով ո՞ր տեղում կհայտնվեր Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների»-ի կամ «Ֆրիդոմ Հաուս»-ի ինդեքսներում։ Իմիջիայլոց, Հանրային հեռուստատեսությամբ Տիգրան Հակոբյանի եւ Պետրոս Ղազարյանի երեկվա զրույցից բավականին դժվար է հասկանալ, արդյո՞ք լավ է, որ մեր երկիրը մամուլի ազատության մակարդակով ԼԱՍ վարկանիշային դասակարգմամբ հայտնվել է իր համար աննախադեպ բարձր՝ 34-րդ տեղում, և իշխող քաղաքական ուժը ցանկացած առիթ օգտագործում է դրանով հպարտանալու համար։ Բայց մի այլ բան միանգամայն պարզ է՝ զրուցակիցները որեւէ լումա չեն ներդրել այդ արդյունքին հասնելու համար։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում բերված որեւէ դրական օրինակ կապ չունի ՀՌՀ-ի կամ Հանրային հեռարձակողի գործունեության հետ։ Փոխարենը՝ այդ օրինակներում հիմնականում հիշատակվում են ՀՌՀ-ի «հոգատարությունից» փրկված, միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներ ստացող եւ դրանց շնորհիվ որակյալ արտադրանք թողարկող լրատվամիջոցները։

Հատկանշական է, որ դրամաշնորհների թեման հատուկ հանգիստ չի տալիս Տիգրան Հակոբյանին եւ Պետրոս Ղազարյանին (եթե, իհարկե, իրենք չեն օգտվողները), եւ Հանրայինի հերթական հաղորդմանը դրանց «վրայով անցնելու» առիթը չէին կարող բաց թողնել։ Մնում է սպասել ու տեսնել, թե ինչպես է «բարեփոխվելու» մեդիամիջավայրը արտասահմանյան ֆինանսավորման կրճատման ու ՀՌՀ-ի դերի ընդարձակման պայմաններում, ինչպիսի «վերելք» է ապրելու մասնավորապես լրագրողական էթիկան՝ դրա հիմնարար սկզբունքները՝ շահերի բախումը, սոցիալական ցանցերում վարքագծի կանոնները մշտապես արհամարհողների ղեկավարությամբ։

Էթիկական խախտումները, գերատեսչական շահերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առաջ տանելը թողնենք մի կողմ, բայց գոնե մասնագիտական կոմպետենտություն, ոլորտում ներքին և միջազգային միտումների մասին ադեկվատ իրազեկվածություն իրավունք ունե՞նք ակնկալել մեր պաշտոնյաներից։ Հանրայինի երեկվա զրույցից հետո դրա հետ կապված հույսերը գրեթե զրոյանում են…»։

Տեսանյութեր

Լրահոս