
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարումը Թուրքիայի պատմության մի կարևոր շրջափուլի ամփոփումն էր. թուրքագետ

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ քուրդ ժողովուրդը, չնայած մեծաթիվ լինելուն, ամենախաբվածներից մեկն է, որին անընդհատ խոստանում են պետություն, անկախություն, իրավունքներ, բայց այդ ծրագրերի իրականացումն անընդհատ չի ստացվում, թեև քրդերը շարունակ մեծ տերությունների, նախևառաջ ԱՄՆ-ի քաղաքական խաղերում իրենց դերն ունեն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Մելքոնյանը հանգամանորեն անդրադարձավ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարման և պայքարի դեմոկրատական մեթոդների անցման մասին տեղեկատվությանը։
«Այդ գործընթացը կամ հանգուցալուծումը մասնագետների համար անակնկալ չէր, որովհետև արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում էին կուլիսային, երբեմն էլ ոչ կուլիսային բանակցություններ, քննարկումներ թուրքական իշխանությունների տարբեր սեգմենտների և քրդական շրջանակների միջև, ընդ որում՝ բանակցություններում ընդգրկված էին ինչպես քուրդ պատգամավորներ, որոնք շատ սերտ կապեր ունեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, այնպես էլ թուրքական իշխանական դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Գորշ գայլերի» առաջնորդ Դևլեթ Բահչելին և տարբեր այլ գործիչներ»,- նշեց Մելքոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ քրդական հարցն արդեն տևական ժամանակ լիովին փոխել էր իր ներքին ու արտաքին որոշակի յուրահատկությունները, ինչը կարելի է մեկնաբանել որպես թուրքական իշխանությունների տևական ու հետևողական քայլերի արդյունք։
«Այդ քայլերն ինչպես կոշտ մեթոդներով էին, այպես էլ մեղմ։ Հատկապես Էրդողանի իշխանության գալուց հետո քրդերի հանդեպ իրականացվում էր տարբերվող քաղաքականություն։ Քրդերն ընդգրկվում էին իշխանական կուսակցության շարքերում, այսօր արդեն մեծ տեղ ունեն բիզնեսում և պետական կառավարման որոշակի օղակներում։
Այսինքն՝ հարցը դրված էր այնպես, որ պետք է ոչ թե գնալ սրացման, այլ եթե կան քրդական հասարակությանը հուզող խնդիրներ, ապա թուրքական պետությունը և կոնկրետ էրդողանի իշխանությունը կարող է տրամադրել լծակներ, հնարավորություններ, որպեսզի քրդերը հենց իրենք զբաղվեն իրենց խնդիրներով ու դրանց լուծմամբ, բայց թուրքական պետության տարածքային ամբողջականության շրջանակներում՝ հրաժարվելով անկախացման, ինքնուրույնության, ինքնորոշման մղումներից»,- մանրամասնեց թուրքագետը։
Մելքոնյանի կարծիքով՝ գործել է նաև հայտնի կարգախոսը՝«բաժանիր, որ տիրես», ինչը տվյալ հարցում արդեն իսկ դոմինանտ էր 2000-ականների սկզբից։ Ու նաև կային արտաքին որոշակի ազդակներ,որոնք թուլացնում էին միջազգային աջակցությունը քրդական հարցին։ Եղան նաև տարածաշրջանային զարգացումներ, որոնք նույնպես ազդեցին քրդական խնդրի վրա։
«Տարիներ առաջ Իրաքում տեղի ունեցավ քրդերի ինքնորոշման հանրաքվեն, որը հետագայում ավարտվեց անարդյունք։ Այնուհետև տեղի ունեցավ Սիրիայի ասադական իշխանության տապալումը և նոր իշխանությունների հետ Սիրիայի քրդերի համագործակցությունը։ Այստեղ կան նաև խորհրդանշական քայլեր, որոնց մեջ կարևոր էր 1999 թվականից ցմահ դատապարտված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության նախագահ Աբդուլլահ Օջալանի հետ ուղիղ բանակցային գործընթացը, ինչը չէր էլ թաքցվում։ Քրդական հարցի հետ կապված վերջին դրվագը եղավ այն, որ Օջալանն ինքը կոչ արեց դադարեցնել պայքարը, մինչդեռ նա այդ պայքարի ամենակարևոր խորհրդանիշն էր, անվերապահ առաջնորդն էր 1978 թվականից։ Փաստորեն հենց խորհրդանիշն ու լիդերը կոչ արեց դադարեցնել պայքարը, որը նաև պետք է ապահովեր քրդական նահանջի լեգիտիմությունը, պատիվը»,- ասաց մեր զրուցակիցը։
Մելքոնյանը հավելեց, որ այն, ինչ հրապարակվեց, նույնպես նախօրոք ազդարարված էր, քանզի Էրդողանն օրեր առաջ հայտարարեց, որ շուտով կլինի վերջնական որոշումը։
Ըստ Մելքոնյանի՝ դա Թուրքիայի պատմության մի կարևոր շրջափուլի ամփոփումն էր։
Նրա խոսքով՝ Էրդողանը նաև պատմության մեջ կմտնի որպես գործիչ, որը կարողացավ քրդական հարցը տանել հանգուցալուծման կամ գոնե լիովին այլ հարթություն։Թուրքագետը չի բացառում, որ առանձին քրդական ջոկատներ, զինված անձինք կշարունակեն իրենց անհամաձայնությունը հայտնել թուրքական պետությանը, բայց դրանք արդեն կլինեն վերջին մոհիկանների կամ դոնքիշոտյան պայքարի նման դրսևորումներ, քանզի հաճախ այդպես է լինում, երբ պատերազմներն ավարտվում են, սակայն առանձին պարտիզանական ջոկատներ կամ բանակի մնացորդներ շարունակում են պայքարել։ Այդուհանդերձ, քրդական հարցը, որն առկա էր 1970-ական թվականներից մինչև մեր օրերը, Մելքոնյանի կարծիքով, փաստացի արդեն կարելի է համարել ավարտված։
«Այնուամենայնիվ, քրդերը մի շարք առումներով շարունակելու են ավելացնել իրենց ներկայությունն ու ազդեցությունը Թուրքիայի քաղաքական կյանքում։ Նախ նրանք թվային առումով բավականին արագ աճում են և մեծ թիվ են կազմում։ Տարբեր ոլորտներում և նահանգներում բավականին ազդեցիկ են։ Թուրքիայում կան տարածքներ, որտեղ քրդերն ապրում են կոմպակտ և կազմում են գերակշիռ մեծամասնություն։ Հաշվի առնելով դեմոգրաֆիկ կանխատեսումները, որոնք ներկայացվում են Թուրքիայում՝ տասնամյակներ հետո էթնիկ քրդերի համամասնությունը կարող է լինել բավականին շահեկան հենց իրենց համար։ Այնպես որ քրդական հարցը հին ընկալմամբ կարելի է համարել փակված, բայց քրդերի հարցը Թուրքիայում տարբեր ձևակերպումներով շարունակելու է մնալ հասարակական-քաղաքական տիրույթում»,-նշեց մեր զրուցակիցը։
Մելքոնյանը համամիտ է այն կարծիքին, որ ամերիկյան զորքերն Իրաքից և Սիրիայից դուրս բերելու Թրամփի որոշումն, ըստ էության, թուլացրել է քրդերին՝ ստիպելով նրանց կառուցողական բանակցությունների գնալ թուքական իշխանությունների հետ։ «Դա նաև ռացիոնալության և պրագմատիզմի դրսևորում է։ Առաջին հերթին Թրամփի իշխանության գալուց հետո արձանագրվեց, որ Միացյալ Նահանգները չի շարունակելու տարբեր հակամարտություններին այս կամ այն կերպ աջակցել, ֆինանսավորել ու սնուցել, այդ թվում և քրդական խնդրին։ Երկրորդ գործոնն այն է, որ թուրքերն ու քրդերը նույն պետության քաղաքացիներ են, քաղաքակրթական առումով ունեն բավականին նմանություններ, ուստի թուրք-քրդական բանակցություններում խոսույթն այն էր, որ պետք չէ փնտրել այլ երկրներից միջնորդներ, անհրաժեշտ է միասին նստել սեղանի շուրջ և համատեղ ուժերով կարգավորել խնդիրները։ Ասելիքն այն էր, որ պետք չէ հերթական անգամ խաբվել, դառնալ մեծ տերությունների խաղի մաս, որ թուրքական իշխանությունները պատրաստ են ընդառաջել քրդերի պահանջներին՝ չհամաձայնվելով, սակայն, անկախ Քուրդիստան ստեղծելու գաղափարի հետ»,- ասաց Մելքոնյանը։
Ըստ նրա՝ տվյալ հարցում հաղթել է նաև քուրդ քաղաքական գործիչների պրագմատիզմը և այն կարևոր հանգամանքը, որ մինչև 2000-ականների սկիզբը հիմնականում պայքարը մղվում էր պարտիզանական զինված ջոկատների ձևաչափով, և քուրդ քաղաքական գործիչներ շատ քիչ կային, իսկ հետագա տարիներին արդեն ի հայտ եկան գործիչներ, որոնք դարձան խորհրդարանի պատգամավորներ, մտան քաղաքական թոհուբոհի մեջ, թրծվեցին, և փաստորեն տեղի ունեցավ բանակցային գործընթաց քուրդ և թուրք քաղաքական գործիչների միջև։ Այսինքն՝ կան շատ դրվագներ ու դետալներ, որոնց ամբողջությունը նոր թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել տվյալ երևույթի մասին։
Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը մայիսի 12-ին կայացած արտահերթ համագումարի ժամանակ հայտարարել է ինքնալուծարման և պայքարի դեմոկրատական մեթոդների անցման մասին։ Համագումարի մասնակիցները միջազգային տերություններին կոչ են արել ճանաչել իրենց պատասխանատվությունը քուրդ ժողովրդի դեմ իրականացված դարավոր ցեղասպանության քաղաքականության համար, չխոչընդոտել ժողովրդավարական լուծմանը և կառուցողական ներդրում ունենալ այս գործընթացում։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ինքնալուծարվում է Թուրքիայի հետ 47 տարվա զինված պայքարից հետո