
«Բրյուսելում նստած ՀՀ իշխանությունների քաղաքական հովանավորները վաղուց արդեն որևէ հարց չեն կարողանում լուծել՝ անգամ ԵՄ-ի ներսում». Գրիգոր Բալասանյան

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում մեծ գումարներ են ծախսվում, որոնք հիմնականում գալիս են դրսից, մասնավորապես, Հայաստանի հյուսիսային հարևանի կողմից, որպեսզի Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ տարվի։
«ՀՀ-ի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, որը երբեմն ակտիվանում է, և փորձում են Հայաստանում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ են անում ռուսական հեռուստաալիքներով։ Զգուշացնեմ, որ դա 2026 թվականին է՛լ ավելի է ակտիվանալու, սակայն, չեմ վախենում ասել, որ դա հակառակ ազդեցությունն է ունենալու։ Եվ այն վարկանիշը, որն ունի գործող իշխանությունը, կրկնապատկվելու է, ու մենք շնորհակալ ենք դրա համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ ՀՀ-ում հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է՝ նա բացասական պատասխան էր տվել։
Այս ամենին զուգահեռ՝ իշխանությանը հարող արևմտամետ ուժերն ամեն օր Նիկոլ Փաշինյանին կոչ են անում չգնալ Մոսկվա և չմասնակցել մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
ՀՀ իշխանության ներկայացուցչի կողմից արվող հայտարություններն ինչպե՞ս կազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա, այս համատեքստում որքանո՞վ է նպատակահարմար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ արևմտամետները նման հայտարարություն անելուց առաջ, լավ կլինի, որպեսզի տեսնեն, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ինչպես է երթևեկում Երևանում՝ անվտանգության փարոսիկները միացրած։ Եթե արևմտամետներին անհանգստացնում է ՀՀ ինքնիշխանության հարցը, կարող են դրա հետ նաև այս հարցը բարձրացնել։
«Մոսկվա մեկնելու և հայ-ռուսական հարաբերությունները քննարկելու ու փոքր-ինչ դրական քայլ անելու ցանկացած առիթ պետք է օգտագործել։ Կարծում եմ՝ այս այցը Մոսկվա պետք է լինի, լավատես եմ, որ ամեն դեպքում այն կկայանա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։
Նրա դիտարկմամբ՝ հայտարարություններ կան, որոնք կարող են ճակատագրական լինել ցանկացած պետության համար, հետևաբար՝ մտահոգիչ է համարում Ալեն Սիմոնյանի չմտածված հայտարարությունները։
«Ըստ էության, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների կողմից եղած նմանօրինակ հայտարարություններն էին, որ հայ-ռուսական հարաբերությունները բերեցին ու հասցրեցին այս ծանր վիճակին։
Բարձրաստիճան պաշտոնյան, հատկապես, եթե որևէ փաստ չունի, պետք է զսպվածություն ցուցաբերի ու խուսափի նման հայտարարություններ անելուց, քանի որ սա ոչ թե մասնավոր անձի հայտարարություն է, այլ ՀՀ 3-րդ պաշտոնյայի»,- հավելեց միջազգայնագետը։
Նա նաև շեշտեց՝ նման հայտարարություն անող հայ պաշտոնյաները չեն տեսնում, որ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել։
«ՀՀ իշխանությունների քաղաքական հովանավորները, որոնք նստած են Բրյուսելում, վաղուց արդեն որևէ հարց չեն կարողանում լուծել՝ անգամ ԵՄ-ի ներսում։ Հետևաբար, այդ հին աշխարհում մնացած ապրումներով ու տպավորություններով հայտարարություններն անելն անթույլատրելի է։ Պետք է հասկանանք, որ Ռուսաստանն այն իրավիճակում չէ, ինչ կար 2 տարի առաջ, նաև ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները 2 տարի առաջվա հարաբերությունները չեն։
Գոնե ՀՀ իշխանության ներկայացուցիչները մի քիչ քաղաքական զսպվածություն ու ճկունություն ցուցաբերեն՝ հասկանալու, որ իրավիճակը փոխվել է, բայց ցավոք, իրենք են մնացել անփոփոխ ու շարունակում են իներցիայով հայտարարություններ անել։ Ամենակարևորը, որը պետք է ունենան քաղաքական գործիչները քաղաքականության մեջ՝ ճկունությունն է, հակառակ պարագայում բավականին ծանր վիճակ է ստեղծվելու, որի պատասխանատուն իշխանություններն են, որովհետև իրենք են իրականացնում արտաքին քաղաքականությունը»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։