
«Նախագահ Սարգսյանը հայտարարել է՝ ՀՀԿ-ն ունի ծրագիր, այդ թվում՝ փողոցային պայքարի». Հայկ Մամիջանյան
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին՝ քննարկում ունեցե՞լ է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, նա միանալո՞ւ է Նիկոլ Փաշինյանին հայտարարած իմպիչմենտի գործընթացին։
Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ Իշխան Զաքարյանը կարող է ինքը հայտնել սեփական կարծիքը, նա չի հանդիսանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր։
««Պատիվ ունեմ»-ի նախընտրական ցուցակում նա ներառված էր ոչ ՀՀԿ-ի քվոտայով»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր փողոցային պայքար սկսելուն, Հայկ Մամիջանյանն ասաց.
«Նախագահ Սարգսյանն ապրիլի 24-ին հայտարարեց, որ ՀՀԿ-ն ունի ծրագիր, այդ թվում՝ կարևորագույն բաղադրիչը փողոցային գործողությունների և պայքարի, դրա մասին հավելյալ որևէ տեղեկություն այս պահին չեմ կարող տալ՝ գործընթացի շահերից ելնելով»։
Թե ինչպե՞ս են իրականացնելու այդ ծրագիրը՝ հարցին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ ոչ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն արեց 2018 թվականին, քանի որ 2018 թվականին առկա էին արտաքին ուժեր, որոնք այդ գործընթացի հիմնական շահառուն էին։ Այդ ժամանակ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր։
«Մեր գործընթացի նախաձեռնողը և շահառուն ՀՀ քաղաքացին է»,- ընդգծեց Հ. Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում