
Եթե իրագործվեին Զինված ուժերի զարգացման յոթամյա պլանով նախատեսված ծրագրերը, բոլորովին այլ ընթացք կունենար 44-օրյա պատերազմը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի դասախոսների և ունկնդիրների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
-Բարև Ձեզ, պարոն նախագահ: Ներկայանամ` Արման Սարգսյան, Հայկական համալսարանի 7-րդ հոսքի ունկնդիր: Պարոն նախագահ, 2016 թվականին` Արցախյան երկրորդ պատերազմից հետո, կա՞ր այն ընկալումը, որ Ադրբեջանը պատրաստվում է ավելի մեծ և լուրջ պատերազմի: Եվ, եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվել, հատկապես, ռազմական տեսանկյունից:
Սերժ Սարգսյան – 1994 թվականից սկսած ռազմական բնագավառով զբաղվող ցանկացած ղեկավար ենթադրում էր, որ վաղը կամ մյուս օրը կարող են լինել ռազմական գործողություններ կամ լանամասշտաբ պատերազմ: Հիշում եք, չէ՞, հայտնի ասացվածքը` «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին»: Ես միշտ, եթե անմիջական առնչություն եմ ունեցել զինված ուժերի հետ, միշտ էլ ենթադրել եմ, որ չի կարելի բացառել ռազմական գործողությունները, պատերազմը: Իսկ թե 2016 թվականից հետո ինչեր ենք արել, ես շատ հանգամանորեն տարբեր հարթակներում ասել եմ` ինչ ենք արել այդ ուղղությամբ: Եվ, ամենակարևորը, մենք ընդունել ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զարգացման յոթամյա պլան, որտեղ տարբեր բնույթի բարեփոխումներ էին նախատեսված, ֆիքսված էին և ժամկետներն այդ բարեփոխումների, ու նաև ֆիքսված էին, թե որտեղից պետք է ապահովվեին այդ բարեփոխումների ֆինանսական հոսքերը: 2016 թվականի ռազմական գործողություններից հետո և նույնիսկ մինչև այդ, արդեն աշխարհում ի հայտ էին եկել նոր սպառազինություններ, այդ թվում նաև անօրդաչու թռչող սարքեր, որոնք շատ արդյունավետ էին առաջին հայացքից: Այնուհետև կատարելագործվել են և դարձել են իրոք շատ արդյունավետ:
Ես ինչո՞ւ եմ դա ասում, որովհետև 2014 թվականից սկսած արդեն Հայաստանի Հանրապետությունում ընթանում էին նախագծային փորձարարական աշխատանքներ անօդաչու թռչող սարքեր ստեղծելու ուղղութամբ: Եվ արդեն 2016 թվականին մենք ինքներս ունեինք նախատիպեր, որոնք, ցավոք սրտի, հետախուզական էին, հարվածային չէին, և 2016 թվականին մեր դեմ կիրառվեցին հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Ճիշտ է, որ այդ անօդաչու թռչող սարքերի հարվածներից մենք շատ կորուստներ չենք ունեցել. չենք ունեցել, որովհետև արդեն երկրորդ օրը մեր զինվորներն ու սպաներն արդեն հարմարվել էին դրան և, մի կողմից, պաշտպանվում էին, և, մյուս կողմից նաև ոչնչացնում էին այդ թռչող սարքերը: Եվ, ահա, ելնելով դրանից` մենք նախատեսել էինք, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 3000-ից ավելի անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, ընդ որում, մինչ 2020 թվականը մենք դրա կեսը պետք է ձեռք բերեինք: Կոնկրետ դրամական միջոցներով ապահովված էր այդ ամբողջը: Ուղղակի, ոնց են ասում, բալը որ դնում են տորթի վրա… երբ մենք մասնավորեցրեցինք Որոտանի կասկադը, այն ժամանակվա համար դա մեզ համար շատ մեծ գումար էր, այդ գումարի մի կեսը մենք դրել էինք Կառավարության հաշվին, բյուջեից դուրս, և ասել էինք, որ այս գումարը նախատեսված է Զինված ուժերի համար, և նշել էինք` հատկապես ինչի համար է այն նախատեսված: Ցավոք սրտի, 2018 թվականից հետո այդ գումարը ծախսվեց բոլորովին այլ սպառազինության վրա, որը պետք չեկավ, ցավոք սրտի, 44-օրյա պատերազմի ընթացքում…
Ես կարող եմ նաև այլ ծրագրեր ասել, բայց կարծում եմ, որ այդ ծրագրերին դուք ծանոթ եք, և եթե իրագործվեին այդ ծրագրերը, բոլորովին այլ ընթացք կունենային ռազմական գործողությունները, եթե այդ ռազմական գործողությունները լինեին: Իհարկե, դժվար է այդպես ասել, որ եթե 2018 թվականը չլիներ, 2018-ի այդ ապրիլյան իրադարձությունները չլինեին, ապա Ադրբեջանը ռազմական գործողություններ չէր նախաձեռնի, որովհետև մարդիկ կարող էին ասել` ինչի՞ հիման վրա ես այդպես վստահաբար ասում: Դրա համար ես վերապահումով եմ ասում: Իսկ եթե լինեին ռազմական գործողություններ, համոզված եղեք, որ մենք շատ արժանի պատասխան կտաինք, շատ արժանի: Միգուցե ավելին, ավելին կանեինք, քան արեցինք Ապրիլյան պատերազմի ընթացքում: