
Կառավարական շենքերի սպասարկման համար ավելի շատ գումար կծախսվի

Պետական բյուջեի գումարները Հայաստանի Կառավարությունը շարունակում է օգտագործել Փաշինյանի աշխատակազմում աշխատողների կյանքն ու կենցաղը բարելավելու նպատակով։
Նախ, Կառավարությունը 486 միլիոն 956.000 դրամ հատկացրեց Փաշինյանի աշխատակազմին ամրակցված գույքը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ին, ապա հավելյալ միլիոններ՝ այդ նույն ՊՈԱԿ-ում ավելացված հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը վճարելու համար։
Խոսքը վերաբերում է Կառավարության ապրիլի 30-ի նիստում չզեկուցվող որոշումներից մեկին, որով գործադիրը պետական բյուջեից հատկացրել է 17 միլիոն դրամ՝ այդ նույն ՊՈԱԿ-ի 10 նոր աշխատողի աշխատավարձի վճարման համար։
Այն վերաբերում է նոր 10 հաստիքին, որոնք ավելացվել են 2024թ. դեկտեմբերի 2-ին հաստատված հաստիքացուցակի համեմատ։
Ու թեև ֆինանսների նախարարությունն այս հատկացման վերաբերյալ առարկություն է ներկայացրել՝ նշելով, որ Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին գումարի հատկացումը համարում է ռիսկային, սակայն Կառավարությունը մնացել է անդրդվելի։
Հավելենք, որ «Սպասարկում» ՊՈԱԿ-ը սպասարկում է Հանրապետության հրապարակի Կառավարական տունը, Կառավարական 3-րդ տան 2-րդ հարկը, Սարյան, Բաղրամյան, Անտառային, Նալբանդյան փողոցների վրա գտնվող տարբեր տարածքները: