
Էրդողանը հայտնել է Թրամփի հետ առաջիկա հանդիպման հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման հնարավորության մասին, հաղորդում է Haberturk-ը։
Ըստ նրա՝ ինքն ԱՄՆ նախագահի հետ կհանդիպի «առաջին իսկ հնարավորության դեպքում»։
«Մեր հեռախոսազրույցը սրտանց, արդյունավետ և բարեկամական էր։ Երկու երկրների միջև հարաբերությունները խոր և երկարատև արմատներ ունեն։ Մենք շատ թեմաներ ունենք քննարկելու և շատ քայլեր ձեռնարկելու։ Այդ պատճառով մեր նախարարությունները շարունակում են աշխատել այն հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, որը կորոշի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացքը։ Այս ուսումնասիրությունների շրջանակում իրադարձության ժամկետները ևս դիտարկվում են»,-ասել է Էրդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ ինքը ժամանակ առ ժամանակ «հեռախոսային դիվանագիտության միջոցով» շփվում է իր ամերիկացի գործընկերոջ հետ։
«Ես հավատում եմ, որ նոր դարաշրջանում ես և իմ բարեկամ Թրամփը մեր երկկողմ հարաբերություններին բոլորովին այլ խթան կհաղորդենք։ Մենք աջակցում ենք նաև նրա խաղաղության տեսլականին, հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,-շետել է նա։
«Մենք տեսնում ենք, որ որպես երկու առաջնորդներ, հասկանում ենք միմյանց Սիրիայի հարցում։ Իհարկե, կշարունակենք ողջամիտ հիմքերով փոխզիջումների փնտրել այն ոլորտներում, որտեղ տարբեր կարծիքներ ունենք։ Մենք երկու առաջնորդներ ենք, ովքեր հավատում են, որ ընդունակ ենք երկխոսության և դիվանագիտության միջոցով հաղթահարել այն խնդիրները, որոնք տարբեր շրջանակներ ռիսկային են համարում»,-հավելել է Էրդողանը։