
«Այս լեզուները խոսքի ազատություն չեն, պետք է մի քիչ «կտրել»». Անի Խաչատրյանը՝ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մասին
Մենք երկրորդ այտն ապտակարժան չենք դարձնում. Նոր Նորքի թաղապետարանում միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կուսակից, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։
«Ես երեկ էլ եմ ասել՝ կգնան դրան, կստանան դա։ Այսինքն՝ գան մեզ հայհոյեն, խփեն, ու մենք տենց ասենք՝ մեր այս այտին էլ խփե՞ք»,-ասաց Խաչատրյանը։
Նա հուսով է՝ «սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր»․
«Սա պետության դեմ է, և այս պետությունը պետք է վերջապես թափ տա։ Սա ժողովրդավարություն չի, սա խոսքի ազատութուն չի, սա արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Այս լեզուները խոսքի ազատութուն չեն, պետք է մի քիչ «կտրել», որ հասկանան, որն է խոսքի ազատություն և որն է ամենաթողություն։ Այս ամենաթողության դեմը, վերջապես, պետք է առնել պետական մակարդակով»,-ասաց նա։