«Ադրբեջանական ագրեսիան զսպում է ռուս-իրանական դաշինքը, որի հետ Ալիևը չի կարող հաշվի չնստել». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահ է՝ Ադրբեջանը Սյունիքում, Գեղարքունիքում կրակոցներ արձակելով՝ ուզում է սահմանին ապրող բնակիչներին նախ պահել վախի մեջ, հետո ստիպել, որպեսզի լքեն իրենց գյուղերը, որի պարագայում առաջ գալն ու նոր հայկական տարածքներ գրավելն ավելի հեշտ կլինի։

«Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի գնալու նկրտումները զսպում է ռուս-իրանական դաշինքը, հակառակ դեպքում՝ վաղուց նա կդիմեր ռազմական գործողությունների, հատկապես, որ Հայաստանն ունի անգործունյա իշխանություն։

«Ադրբեջանական ագրեսիան զսպում է ռուս-իրանական դաշինքը, որի հետ Ալիևը չի կարող հաշվի չնստել։ Եթե Իրանը թուլանա, Թրամփի հակաիրանական քաղաքականությունն էլ արդյունք տա, ապա ադրբեջանական հարվածի հավանականությունը կմեծանա։ Կա նաև մեկ այլ հակազդող գործոն՝ Ռուսաստանն է, որ ուկրաինական ճակատում ապացուցեց իր հզորությունը, որի հետ չեն կարող հաշվի չնստել։ Այս իրավիճակը Ռուսաստանին թույլ է տալիս իր հայացքն ուղղել այն ուղղությունների վրա, որտեղ ունի կենսական շահեր»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական ամենօրյա կրակոցների նպատակների և դրա հնարավոր վտանգների մասին։

Դավիթ Ջամալյանը չի բացառում սահմանափակ ուժերի ընդգրկմամբ մարտական գործողությունների հավանականությունը, որոնք կունենան տեղային բնույթ, ինչին հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի, հատկապես՝ հոգեբանորեն, որպեսզի կարողանան արագ մոբիլիզացվել։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը հիմա այդ կրակոցներով փորձում է մեր հասարակությանն ահաբեկել, իսկ ահաբեկված հասարակությանը դժվար է մոբիլիզացնել, նաև ահաբեկված հասարակությունը կարող է լքել իր բնակավայրը, որի արդյունքում ավելի հեշտ կլինի հակառակորդին առաջ գալը։ Բնակավայրերը դատարկելու կարճ ճանապարհն անընդմեջ կրակելն է, մարդկանց մշտապես տագնապի մեջ պահելը։ Եթե մենք ազգային իշխանություն ունենայինք, ապա մենք հավուր պատշաճի պատասխան կտայինք ագրեսիվ գործողություններին, որոշ դեպքերում կանխարգելիչ հարվածներ կհասցնեին, այսինքն՝ կընտրեին թշնամուն զսպելու գործիքակազմը։ Բայց ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց Ռազմական փորձագետը։

Ըստ նրա, Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն իշխանափոխությունն է։ Եթե լինի իշխանափոխություն, ապա կարճ ժամանակում հնարավոր կլինի վերականգնել ուժերը, դրա բոլոր հնարավորությունները կան, օգտագործելով նաև արտաքին քաղաքական ռեսուրսը։

«Հայաստանը պետք է կրկին վերածվի գործոնի, որպեսզի կարողանա զսպել թշնամուն՝ վերադարձնելով իր կորուստները, հակառակ պարագայում հետագա կորուստներն անդառնալի կարող են լինել մեր երկրի համար»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս