
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի՝ Պակիստանի հետ սահմանային տարածքի վերահսկողության գոտում կրակոցներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի բանակի հայտարարությունը։
«Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը հրազենով չհրահրված կրակ է արձակել վերահսկողության գծի երկայնքով՝ Քուպվարայի և Բարամուլայի շրջանների դիմաց ընկած տարածքներում», – նշված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ Հնդկաստանի զինվորականներն արձագանքել են «արագ և արդյունավետ»։
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին հրադադարի ռեժիմը խախտվել է հինգերորդ գիշերն անընդմեջ՝ Ջամու և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Նյու Դելիի և Իսլամաբադի միջև հարաբերությունների սրման ֆոնին։
PTI գործակալությունը նաև հաղորդում է, որ Քաշմիրի հովտում 87 հանրային զբոսայգիներից 48-ը փակվել է՝ որպես նախազգուշական միջոցառում Պահալգամի ահաբեկչական հարձակումից հետո։
Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Ջամու և Քաշմիրի Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում։
Զոհվել են Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ըստ The Hindustan Times-ի աղբյուրների՝ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են Պահալգամում «Լաշքար է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության մասնակցության ապացույցներ։
Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը գրեթե կիսով չափ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թվաքանակը, անցանկալի անձինք է հայտարարել Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական խորհրդականներին, փակել է սահմանային «Աթթարի» առանցքային անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև դադարեցրել են Իսլամաբադի հետ ջրային պաշարների բաշխման և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման համաձայնագրերը։
Պակիստանն իր հերթին դադարեցրել է Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը, փակել իր օդային տարածքը Հնդկաստանի համար: