Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս. «Հրապարակ»

Շաբաթ օրը լրագրող, խմբագիր Արամ Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարչապետի կնոջ մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել․ նա սպառնացել է Եռաբլուրում հուղարկավորված Վահագն Խաչատրյանի եւ Էրիկ Գեւորգյանի ծնողներին:

Գեւորգյանը գրել է. «Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով Աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմա ա։ Սրան տեսնում են Գեւորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես՝ Վահագնի մայրը, ում որդու շիրիմը հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան։ Սա էլ աներեսի պես 40-50 րոպե նստում ու լսում ա այդ ամենը։ Ու վերջում, երբ սա գնալուց ա լինում, Էրիկի մայրը սրա հետեւից գոռում ա՝ «անգերեզման ես մնալու»։ Սա դրանից նեղվում, հերսոտում, գալիս հարձակվում ա այդ ծնողի վրա, մատ թափ տալիս, թե բա՝ «դուք ձեր հալը հլը կտեսնեք, էս ի՞նչ անեծքներ եք տալիս»։ Վահագնի հորն էլ առանձին ա զգուշացնում, որ ինքն ու կինը «դեռ կտենան իրանց հալը».… Պարզապես ասեմ, որ սրանք այն տղաների ծնողներն են, ովքեր իրենց զավակների մարմիններն ամիսներով ման են եկել ու այս պետության հանցավոր անգործության արդյունքում ժամանակին չեն գտել։ Էրիկի ամբողջական մարմինը 10 ամիս եղել ա դիահերձարանում, չեն ասել, Վահագնի մարմնի մի մասը 2,5 տարի հետո են տվել ծնողներին, այն էլ ծնողների՝ դիահերձարան կատարած պատահական զանգից հետո։ Ու էս ամենի թիվ մեկ պատասխանատուի «կինը», ով նաեւ մե՜ծ ներդրում ունի Եռաբլուրի մեծացման ու այդ տղաներին փակ դագաղներով հողի տակ դնելու գործում, հիմա էլ այդ ծնողներին ա հաթաթա տալիս, հաշվեհարդարով սպառնում։ Իբր քիչ են արել, քիչ են ցավեցրել, քիչ ծնողի են հալածել, գցել բանտերը, հիմա էլ անձամբ են սպառնում…

Աննա, որ դու, մարդդ ու սերունդներդ գերեզման չեք ունենալու, դա ձեզ բազմիցս ա ասվել, ու եթե դրանից նեղվում եք, կարանք ամեն օր կրկնենք։ Ունենալու դեպքում էլ այն հանրային զուգարանի տարածքում է լինելու։ Այնպես որ, սպառնալիքներդ պահիր կրթվողներիդ ու քո հպատակների համար։ Էդ ծնողներին քեզպեսները, քո տեսակը չեն կարող վախեցնել։ Իրանք իրանց ամենաթանկին արդեն կորցրել են ու էլ կորցնելու բան չունեն, որ մի հատ էլ սպառնում ես։ Հա, ու աշխատի էլ Եռաբլուրում չերեւաս։ Ընդեղ քեզ, բացի 3-4 քո «աշխատողներից», ուրիշ ոչ ոք չի սպասում։ Ու ամեն անգամ նույն արձագանքին ես արժանանալու։ Դեռ բախտդ բերել ա, որ ուշ ժամի ու ծպտված ես գնացած եղել»։

Իշխանական շրջանակները հերքում էին՝ նման բան տեղի չի ունեցել, Աննա Հակոբյանը չի սպառնացել զոհվածի ծնողներին: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ միջադեպի մասնակիցներից: Մեծ դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել Վահագն Խաչատրյանի մոր` Ալինա Գրիգորյանի հետ: Զոհվածի մայրը մեզ հետ զրույցում հաստատեց տեղի ունեցածը: Հարցին` իսկապե՞ս նման միջադեպ տեղի է ունեցել, Աննա Հակոբյանը սպառնացե՞լ է Ձեզ, մեր զրուցակիցն ասաց. «Հիմա աշխատանքի եմ, չեմ կարող երկար զրուցել, բայց կարող եմ ասել, որ միանշանակ տարածված տեղեկությունն իրական է: Այո, նա այդ խոսքերն ամուսնուս է ասել, բայց ամենավատը մեր հանդեպ արդեն արել են: Տղայիս են սպանել, էլ ի՞նչ կարող են անել»: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքն ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։ Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել է միայն 5 ամիս անց՝  հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։  Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից էր, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։

Տեսանյութեր

Լրահոս