
Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սպառնալից հայտարարություն է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հասցեին՝ նշելով, որ այն պետք է դուրս գա տարածաշրջանային համակարգից կա՛մ խաղաղ ճանապարհով, կա՛մ «այլ կերպ», դրանով իսկ ակնարկելով ռազմական միջամտության հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ», – հայտարարել է Ֆիդանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ընդունի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ նախաձեռնություն կամ գործողություն: Հատուկ նշել է, որ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) և Սիրիայի իշխանության միջև ստորագրված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի, և պնդել, որ Սիրիայում չպետք է լինի կենտրոնական իշխանությունից դուրս զենք կրելու հնարավորություն:
«Սիրիայում ահաբեկչական տարրերը պետք է ամբողջությամբ վերացվեն»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիայի նպատակն է տեսնել Սիրիան որպես միասնական, հարգված և բարգավաճ պետություն: