Բաժիններ՝

Հռոմը կհյուրընկալի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ապրիլի 19-ին կկայանա Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։

Այս մասին հայտնել է Օմանի արտգործնախարարության խոսնակը։«Այս բանակցությունները նպատակ ունեն առաջընթաց գրանցել արդար, պարտավորեցնող և կայուն համաձայնության հասնելու ուղղությամբ», – նշել է խոսնակը:

Պաշտոնյայի խոսքով՝ Օմանի սուլթանությունը ողջունել է Հռոմում կայանալիք այս հանդիպման անցկացումն իր միջնորդությամբ՝ նշելով, որ Հռոմն ընտրվել է որպես հանդիպման անցկացման վայր լոգիստիկ պատճառներով:

Սուլթանությունը նաև իր երախտագիտությունն է հայտնել Իտալիայի կառավարությանն այս կարևոր հանդիպման նախապատրաստման գործում ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Օմանում տեղի էր ունեցել իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը։ Երկու կողմերի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 12-ի բանակցություններից հետո առաջ տանող ճանապարհ են տեսնում:

Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գոհ է եղել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել էր ըստ պլանի և անուղղակի ձևաչափով։

Մինչ այս հայտարարվում էր, որ բանակցությունների երկրորդ փուլը նույնպես կկայանա Օմանում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ համաձայնագիր կնքի, հակառակ դեպքում սպառնացել էր ռազմական հարվածներ հասցնել: Թեհրանը, սակայն, հայտարարել էր, որ չի վստահում Թրամփին, որը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ. հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: Իրանը հայտարարել էր, որ ճնշման տակ չի բանակցելու: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս