Հարվարդին կարող են արգելել օտարերկրյա ուսանողներ ընդունել

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Հարվարդի համալսարանից պահանջել է տեղեկատվություն տրամադրել վիզաներով սովորող ուսանողների մասին, որոնք, ինչպես պնդում են, «անօրինական և բռնի գործողությունների» են մասնակցել: Հակառակ դեպքում բուհին կարող են արգելել օտարերկրյա ուսանողներ ընդունել: Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ։

Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը վերջնաժամկետ է սահմանել մինչև ապրիլի 30-ը: Մերժելու դեպքում, նրա խոսքով, արգելքն ուժի մեջ կմտնի անհապաղ: Բացի այդ նա մեղադրել է համալսարանին հակասեմիտիզմը խրախուսելու մեջ և հայտարարել, որ «Հարվարդի լսարանները թունավորված են հակաամերիկյան գաղափարախոսությամբ և ՀԱՄԱՍ-ին աջակցությամբ»:

The Harvard Crimson ուսանողական թերթը գրում է, որ համալսարանին նամակ է ուղարկվել՝ պահանջելով հայտնել վիզաներով սովորող ուսանողների մասին տեղեկությունները, որոնք «վտանգ են ստեղծել» այլ ուսանողների և անձնակազմի համար կամ «խաթարել են ուսումնական գործընթացը»։ Պահանջվել է նաև տեղեկություն տրամադրել նրանց նկատմամբ կիրառված կարգապահական միջոցների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հարվարդը դիտարկել որպես քաղաքական կազմակերպության և զրկել նրան հարկային արտոնություններից։

Բացի այդ, կրթության նախարարությունը սառեցրել է 2,2 մլրդ դոլարի դրամաշնորհները, ինչպես նաև 60 մլն դոլարի երկարաժամկետ պայմանագրերը: Ընդհանուր առմամբ, վարչակազմը նախատեսում է վերանայել համալսարանի հետ շուրջ 9 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրերը:

Տեսանյութեր

Լրահոս