Կանխել կրկնակապիտուլյանտի ճակատի կրկնահամբույրը

Հայաստանի ներկայիս աղետալի վիճակը գրեթե բոլորը պայմանավորում են քաղաքական մտքի, կուսակցությունների ապագաղափարականության, ծրագրերի պակասով։ Այդ գնահատականը ոչ միայն հեռու չէ իրականությունից, այլ մեր բոլոր խնդիրների հիմնարար պատճառներից մեկն է։

Մյուս կողմից, սակայն, այդ ընդհանրական ու տարիներ շարունակ հնչեցվող գնահատականի ներքո երկրորդական պլան են մղվում այդուհանդերձ երկրում առկա իրական քաղաքական միավորները, որոնք ընթացիկ քաղաքական ռեժիմում իշխանությունների դեմ պայքարին զուգահեռ և հենց դրա շրջանակներում՝ ներկայացնում են իրական քաղաքական գաղափարախոսություն և դրա վրա հիմնված ծրագրեր։ Մեր մեդիա, հանրային տիրույթի մեկ այլ արատ է, սակայն, այն, որ ինտելեկտուալ վերաբերմունք պահանջող այդպիսի հատուկենտ դրսևորումները գրեթե ուշադրության չեն արժանանում, ի տարբերություն ամեն շաբաթ կամ շաբաթը մի քանի անգամ արձանագրվող՝ Նիկոլ Փաշինյանի պոռթկումների, անհավասարակշիռ ելույթների։ Երևի նաև այն պատճառով, որ հայհոյելը, ծաղրելն ավելի հեշտ է, քան մտածելը։

Այս շաբաթ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որից հետո  հրապարակվել է նաև կուսակցության խորհրդի ուղերձը։

Հատկապես Սերժ Սարգսյանի ելույթը հանրային, սոցցանցային տիրույթում արժանացել է երկու խումբ իրարամերժ գնահատականների՝ իշխանություններն ու նրանց սպասարկող քարոզչական մարտիկներն ինքնամոռաց ու անուղեղ հայհոյել են, Սարգսյանին աջակցող խմբերը՝ գովաբանել։ Բայց ինչպես նրա ելույթին, այնպես էլ ՀՀԿ խորհրդի ուղերձին՝ որպես քաղաքական փաստաթղթերի, որպես այսօրվա ամայի քաղաքական բովանդակության պայմաններում ներկայացված եզակի քաղաքական հայտի, որպես առաջարկի, գրեթե անդրադարձ չի եղել։

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանի ելույթը, բացի կուսակցության հիմնադրմանն ու անցած ուղուն տրված գնահատականից, պարունակում էր նաև վերջին 7 տարիներին Հայաստանի աղետալի վիճակի ու Արցախի հետ կատարված ողբերգության վերաբերյալ քաղաքական ախտորոշումներ, որոնք, որպես այդպիսին, նորություն չեն, արտահայտվել են նույն ՀՀԿ գործադիր մարմնի տասնյակ հայտարարություններում։

Բայց կարևոր է, որ նույն ելույթում Սարգսյանն այդ ախտորոշումների հիման վրա ներկայացնում է քաղաքական առաջարկ՝ ուղղված՝ ինչպես հասարակությանը, այնպես էլ՝ քաղաքականության անվան տակ հիմնականում բանսարկությամբ զբաղված այլ ընդդիմադիր միավորներին։ Իսկ առաջարկում՝ ի տարբերություն այլոց կողմից հնչող գեղեցիկ ցանկությունների, ներկայացված են կոնկրետ քայլեր և դրանց արդյունքում իշխանափոխության հասնելուց հետո անհրաժեշտ հիմնարար անելիքներ, որոնք հիմնված են ոչ թե ռոմանտիզմի կամ կենացային քաղաքականության, այլ իրատեսականության վրա։ Նույնը՝ համապատասխան ձևաչափով, ներկայացված է նաև ՀՀԿ խորհրդի ուղերձում։

Ծավալուն այս փաստաթղթերի հիմնական շեշտադրումն ազգային արժեքների վրա հիմնված կուսակցության գաղափարական հավատամքն է և քաղաքական գործիքակազմով իշխանափոխությունից հետո կենսականորեն անհրաժեշտ գործողությունների փաթեթը։ ՀՀԿ-ն ներկայացնում է այն, ինչի բացակայության համար բոլոր մեղադրողները մեղադրում են Հայաստանի կուսակցություններին՝ գաղափարախոսություն և կոնկրետ քայլեր։ Այսինքն՝ քաղաքական առաջարկ, որի միջոցով հնարավոր է իսկապես հասնել իշխանափոխության, պայմանով, որ այն կդառնա մնացած ոչ իշխանական ուժերի քննարկման առարկա։

Շատ կարևոր է, որ սա առաջարկ է բառի ոչ թե ուղիղ իմաստով, այն տեսանկյունից, որ մյուս ուժերը կարող են և պետք է ընդունեն ՀՀԿ-ի ներկայացրած կանոնները և առաջնորդությունը, այլ առաջարկ՝ բովանդակային, իրագործելիության իմաստով, որը կարող է կյանքի կոչվել անգամ առանց ՀՀԿ-ի մասնակցության։

Բայց դա հնարավոր է միայն մի պայմանով, որին անդրադարձ կա՝ ինչպես Սերժ Սարգսյանի ելույթում, այնպես էլ՝ ՀՀԿ խորհրդի ուղերձում. բոլոր քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն տարաձայնությունները՝ գերնպատակ ունենալով իշխանափոխությունը։ Առաջին ու մակերեսային հայացքից թվում է, թե բոլորն էլ այդպես են վարվում, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում շատերն ավելի եռանդուն ու ինքնամոռաց պայքարում են այլոց, այդ թվում՝ նույն  ՀՀԿ-ի, քան իշխանության դեմ։

Ինչպես և կարելի էր սպասել, ինտրիգների սիրահար հայկական քաղաքական ու մեդիա շրջանակներում վերջին օրերին ամենաշատը քննարկվեց Սերժ Սարգսյանի ելույթի՝ «նախրի մեջ էշի ճակատը պաչելու» փոխաբերությունը։ Շատերը դա գնահատեցին որպես անցյալին՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանազավթմամբ հրճվելու իրողությանը տրված գնահատական։

Բայց, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի ուղերձը ոչ միայն ու ոչ այնքան անցյալի, որքան ապագայի մասին էր և նշանակում էր, որ այսօրվա քաղաքական վարքագիծը շարունակելու դեպքում իշխանության դեմ նոմինալ պայքարողները նույն էշի ճակատը պաչելու են երկրորդ անգամ։ 2020թ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կողմից որակվեց՝ որպես կապիտուլյանտ։

Արդեն անցած տարի Երրորդ նախագահը հայտարարեց, որ Փաշինյանը պատրաստվում է կրկնակապիտուլյացիայի։

Նրա վերջին ելույթում էշի ճակատը պաչելու մասին ալեգորիան, ահա, նշանակում է, որ ներկայիս ստատուս-քվոյի պահպանման դեպքում Փաշինյանը կատարելու է կրկնակապիտուլյացիայի ակտը՝ սեփական ճակատն արժանացնելով իր դեմ իբրև թե պայքարողների կրկնահամբույրի։

Տեսանյութեր

Լրահոս