
Չինաստանը մաքսատուրքային պատերազմի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ի վրա է բարդել ներկայիս մաքսատուրքային պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը և ընդգծել է Չինաստանի ձեռնարկած հակամիջոցների հարկադրական բնույթը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ճեպազրույցում անդրադարձել է Պեկինի նկատմամբ 245% մաքսատուրքեր սահմանելու Սպիտակ տան սպառնալիքներին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ կողմերի միջև առևտրային հակամարտության գնդակը Չինաստանի դաշտում է։
«Ներկայիս առևտրային պատերազմը նախաձեռնել է հենց Միացյալ Նահանգները։ Չինաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ իր օրինական իրավունքների և շահերի, ինչպես նաև միջազգային արդարության պաշտպանության համար», – ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Չինաստանը «չի ցանկանում, սակայն և չի վախենում առևտրային և մաքսատուրքային պատերազմներից»։
Ապրիլի 15-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը կարող է Չինաստանից ներմուծվող ապրանքները հարկել 245%-ի չափով մաքսատուրքերով։ Ըստ ԱՄՆ վարչակազմի՝ Չինաստանին նման բարձր մաքսատուրքեր են սպառնում, քանի որ Պեկինը պատասխան գործողություններ է ձեռնարկել ավելի վաղ սահմանված ամերիկյան մաքսատուրքերի դեմ։