Նախկին 2 նախագահների հետ եմ աշխատել, այսպիսի ռեպրեսիաներ երբեք չեմ տեսել. Վարդան Ղուկասյան

Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը ներկայացրեց իր առաջիկա անելիքները` հստակեցնելով, որ սկզբում պետք է որոշեն, թե ում հետ են աշխատելու։

Նշենք, որ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստում ավագանու ներկա անդամներից 18-ը միաձայն քվեարկեցին և համայնքապետ ընտրեցին Վարդան Ղուկասյանին։

«Առաջին քայլը կադրային է լինելու` թե ում հետ ենք աշխատելու։ Երկրորդը` խմբակցություններին հրավիրելու եմ` քննարկելու բոլորիս ծրագրերը։ Վերջում էլ` ընդհանուր հայտարարի գալուց հետո անցնելու ենք դրանց իրականացմանը։ Աշխատավարձերի բարձրացման հարցն եմ դնելու, կքննարկենք դրա լուծումները, թե ինչպես ենք բյուջեն ավելացնելու։ Գիտեմ` ինչ սկզբունքով դա պետք է անենք»,– ասաց Ղուկասյանը։

Հարցին` արդյոք քննարկումներին հրավիրելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդգծեց` հրավիրելու է, բայց եթե չգան, ապա իրենք իրենց գործը կանեն։

Միևնույն ժամանակ շեշտեց` իր կարծիքով պետք է ՔՊ–ն էլ մասնակցի քննարկումներին, քանի որ նրանք էլ Գյումրուց են, ու բոլոր հարցերը վերաբերում են բնակչությանը, ոչ թե Վարդան Ղուկասյանին։

Նա անդրադարձավ նաև լրագրողի այն հարցին, թե քվեարկությունների ժամանակ պատրաստ է «Մեր քաղաքը» խմբակցության «դուռը գնալ» կամ հենց Մարտուն Գրիգորյանի մոտ, որը մանդատը վայր է դրել։

«Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, միայն սրբի դուռ եմ գնում։ Կապրեմ այնպես, ինչպես ապրել են ընդդիմադիր քաղաքապետերը, համերաշխությունն ու ներողամտությունն էլ իմ զենքն են, միշտ դրանով եմ առաջնորդվել»,– նշեց Ղուկասյանը։

Նորընտիր համայնքապետն ասաց նաև, որ իր վրա «կարված» մի քանի քրեական գործ կա, բայց եկել և ստանձնել է քաղաքապետի պարտականությունը։

Ղուկասյանը խոստացավ` ընտրողները երբեք չեն ամաչի իր փոխարեն։

«Աշխատել եմ նախկին 2 նախագահների հետ և այսպիսի ռեպրեսիաներ չեմ տեսել։ Հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի է համբերատար լինել, բայց եթե հանկարծ ինչ-որ մեկն իրեն ուրիշ ձև պահի, անպայման ես իրեն կփոխհատուցեմ նույն սկզբունքով։ Մարմինս կոտրեն, հոգիս չեն կոտրի»,– շեշտեց Ղուկասյանը։

Ծրագրերի մասին խոսելով` նա նաև ասաց, որ միանշանակ պետք է ներգրավեն ՌԴ–ից գործարարների, իրենց հետ հիվանդանոցի, համատեղ ձեռնարկությունների և գործարանների խնդիր պետք է լուծեն։

Տեսանյութեր

Լրահոս