Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի հարցով։

«Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի հարցով»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ Սպիտակ տան լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների առաջին անուղղակի խորհրդակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է  արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը։

Ինչպես հայտնել են իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, հանդիպումն անցել է կառուցողականորեն և հանգիստ մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։

Ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ոչ Օմանում, բայց այդ երկիրը կշարունակի խաղալ միջնորդի դերը։ Axios լրատվական հարթակի աղբյուրները նշել են, որ բանակցությունների անցկացման վայրի փոփոխությունը նախաձեռնել է ԱՄՆ վարչակազմը։ Հարթակը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 19-ին Հռոմում:

Տեսանյութեր

Լրահոս