
ՔՊ-ում շատերը «տեղները չեն գտնում». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին, իսկ Փարաքարի ու Գյումրու ավագանու ընտրությունների ֆիասկոյից հետո՝ առավել ևս, մի շարք «բարձրաստիճան» քպ-ականներ, իրար հերթ չտալով, խոսում են ՔՊ «բարձր վարկանիշի», հաջորդ ընտրություններում «անվերապահ հաղթելու», «ժողովրդի վստահությունը վայելելու» մասին: Զուգահեռ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքում պարտությունը նորմալ է՝ դա փորձելով «փաթեթավորել» ժողովրդավարության անվան տակ:
Մեր տեղեկություններով, այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին: Բանն այն է, որ ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում», քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ իրենց վարկանիշի միակ աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբեևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար:
Այսինքն, ակնհայտ է, որ ՔՊ-ն ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրությունների պարագայում: Ավելին, ՔՊ շարքերում ակտիվացել են խոսակցությունները, որ իրենց գուցե չփրկեն նաև վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումը, իրավապահ համակարգի ներգրավումը և այլն: Հավանականությունը, որ ժողովուրդն այլևս չի տրվի այդ մանիպուլ յացիաներին ու կքշի գործող իշխանություններին, չափազանց մեծ է:
Դրա համար պարզապես հարկ կլինի, որ հակաիշխանական տրամադրվածություն ունեցողները, իսկ նրանք գերակշիռ մեծամասնություն են կազմում, ակտիվ մասնակցեն ընտրություններին, որպեսզի իշխանությունները չկարողանան մոբիլիզացնել նշյալ ռեսուրսները: Իսկ դրան կարող է նպաստել իրապես ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, քանզի ակնհայտ է, որ, մի քանի սատելիտ ուժերից բացի, մնացյալը հաստատաբար հանդես են գալու «հականիկոլական» դիրքերից:
Մյուս կողմից՝ ՔՊ-ում հասկանում են, որ արտաքին աջակցություն էլ չկա. Արևմուտքն արդեն նախկին ոգևորվածությունը չունի իրենց հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ մաքսիմալ փչացրել են հարաբերությունները:
Ըստ այդմ, շատ քպականներ մտորումների մեջ են՝ 2026 թվականին ընտրությունների գնա՞լ ՔՊ-ի հետ, թե՞ «ճիշտ ժամանակին» հեռու մնալ «շառ ու փորձանքից»…»։