
Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Այս մասին հայտնում է China Daily պարբերականը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների, այդ թվում՝ մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և այլ հարցերի շուրջ։ Ծինփինն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին։
«Մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան. աշխարհի դեմ գնալ, նշանակում է մեկուսացնել քեզ», – ասել է նա։Սի Ծինփինի խոսքով՝ վերջին 70 տարիների ընթացքում երկրի զարգացումը հիմնված է ինքնավստահության և քրտնաջան աշխատանքի վրա։ Նա հավելել է, որ Չինաստանը երբեք չի ապավինել որևէ մեկի բարեհաճությանը և չի վախենում անհիմն ճնշումներից:Նա շեշտել է, որ չինական կողմը կպահպանի վստահություն, սառնասրտություն և կկենտրոնանա իր աշխատանքը լավ կատարելու վրա։Նա նաև կոչ է արել ԵՄ-ին համատեղ դիմակայել միակողմանի ահաբեկմանը։
Չինաստանի կենտրանական հեռուստատեսության հաղորդմամբ (CCTV)՝ Սանչեսն իր հերթին նշել է, որ Իսպանիան և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո 20 տարվա ընթացքում միշտ հարգել են միմյանց, համագործակցել են բարեկամական ձևով, և հարաբերությունները շարունակել են խորանալ ու զարգանալ։ Նա նաև հավելել է, որ բարդ և ծանր միջազգային իրավիճակի առջև Իսպանիան և ԵՄ-ն պատրաստ են ամրապնդել հաղորդակցությունն ու համագործակցությունը Չինաստանի հետ։ Սա երեք տարվա ընթացքում Սանչեսի երրորդ այցն է Չինաստան։
Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է՝ հասցնելով մինչև 145%-ի: Սպիտակ տունը պարզաբանել է, որ նախորդ օրը հայտարարված 125%-ին պետք է ավելացվի մարտին սահմանված 20%-ը՝ կապված ֆենտանիլի արտադրության և մատակարարման հետ։ Թրամփը մեղադրել է Պեկինին համաշխարհային շուկաների նկատմամբ «բավարար հարգանք չցուցաբերելու» մեջ։