
Ի՞նչ կարող ենք անել, եթե պետությունը մեզ չի օգնում հայկական շահն առաջ մղելու հարցում. պարզաբանում են իրավապաշտպանները
Հայ գերիների, պատանդների ազատ արձակման հարցը նախևառաջ, ենթադրում է անմիջական դիվանագիտական քաղաքական աշխատանք: Այս մասին Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ այդ աշխատանքի ուղղությունն այն պետք է լինի, որ միջազգային կոնվենցիաներով նախատեսված է հակամարտության ակտիվ ավարտից հետո հայրենադարձում:
«Դա պատերազմական հանցագործություն է, ուստի Ադրբեջանը գտնվում է իրավական պարտավորության ներքո՝ առանց որևէ նախապայմանի ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը։ Դրա չկատարումը պետք է հանգեցներ Հայաստանի իշխանությունների կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայտարարություններին, ինչը այն նախապայմանն է, որը պատժամիջոցների կամ այլ մեխանիզմների գործադրման հիմք կծառայեր»,- ասաց նա:
Ըստ Սահակյանի, սակայն, նման մոտեցում տեսանելի չէ, ընդունվում է լռելյայն աշխատելաոճը, ըստ որի, գերիների խնդիրն ինքնուրույնաբար լուծելի չէ Հայաստանի ներգրավվածությամբ, դա ամբողջովին թողնված է Ադրբեջանի հայեցողությանը և երբ քաղաքական սուր հարցադրումները լուծում ստանան, ապա որպես հետևանք մարդասիրական մոտեցում կլինի և ազատ կարձակվեն նաև այդտեղ պահվող հայ պատանդները։
«Մինչդեռ կարծում եմ՝ պետք է ամեն գնով ճնշել Ադրբեջանին, ապահովել ազատ արձակումը, առանց դրա չիրականացնել ցանկացած քննարկում, ինչը կարող է առնչվել քաղաքական հարցերին: Մեր ընկալմամբ խաղաղությունն ու գերիների վերադարձի հարցն ունեն փոխկապակցվածություն: Առանց հայ գերիների վերադարձի, մենք չենք կարող վստահել որևէ խաղաղության»,- ասաց նա:
Անդրադառնալով միջպետական հայցերի հետկանչմանը, Սահակյանն ասաց, որ երբեմն ընտանիքները դիմում են իրենց՝ արդյոք միջպետական գանգատների հրաժարումը կարող է հետևանք ունենալ անհատական գործերի վրա:
«Պատասխանը միանշանակ ոչ է: Միջպետական գործերի հրաժարումը չի հանգեցնելու անհատական գործերով մեր դիրքորոշումների վերանայմանը: Ճիշտ հակառակը՝ ինտենսիվանալու է աշխատանքը նոր անհատական կամ խմբային հայցեր ներկայացնելու ուղղությամբ: Սակայն հարց է առաջանում, իսկ ինչպիսին պետք է լինի այն անձանց ճակատագիրը, ում իրավունքների պաշտպանությունը իրականացվում է միջպետական գանգատի շրջանակներում»,- ասաց նա:
Սահակյանը տեղեկացրեց, որ 23-ից 22-ի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով։
«Բոլոր նախկին և ներկա ղեկավարների գործերը ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով և միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ նրանց իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ գոյություն չունի։ Խնդրի հանգուցալուծումները մնալու են ոչ իրավական տիրույթներում, որտեղ, կարծում եմ, Հայաստանը որևէ այդպես նշանակալի հաղթական պատմություններ չի կերտել»,- ասաց նա։
Ըստ Սահակյանի՝ կարելի է փորձարկել այն մոտեցումը, որ տուժողների խումբը ներգրավվի և նշվի, որ այստեղ հրաժարում է կատարում մի սուբյեկտ, որի իրավունքները չեն խախտվել:
«Իսկ երրորդ անձինք, որոնց իրավունքները խախտվել են և ցանկանում են հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը, խնդրեն դատարանին չընդունել հրաժարումը՝ արդարադատության շահը վեր դասելով կողմի դիրքորոշումից»,- ասաց նա: