Հայաստանը պետք է ամրապնդի սահմաններն ու պատրաստվի վատթարագույնին. Գրիգոր Բալասանյան

Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է՝ ԱՄՆ-ը և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի և Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ։ ԱՄՆ-ը ազնիվ և շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ը կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ X-ում տեղեկացրել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնացի հետ շաբաթ օրն Օմանում կբանակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների ընթացքից, ելքից կախված է նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը։

Կարդացեք նաև

«Ե՛վ տարածաշրջանի, և՛ հայ-իրանական հարաբերությունների համար առաջիկա բանակցություններն ունեն անկյունաքարային նշանակություն։ Նախ, դրանով որոշվելու է մի մեծ տարածաշրջանի ճակատագիր, խոսքը Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի մասին է, և տևական ժամանակ հետո Միացյալ Նահանգները և Իրանը սկսում են այդ բանակցությունները։ Այստեղ կարող ենք նաև փաստել, որ գալով Օման, ըստ էության Միացյալ Նահանգների պատվիրակությունը և առհասարակ Միացյալ Նահանգներն ընդունում է Իրանի խաղաղ ատոմ ունենալու ծրագիրը։ Մինչ այս, Իրանը միշտ էլ նշել էր, որ կարող է բանակցել միջուկային զենքի չստեղծման հետ կապված, նույնիսկ ստանձնել պարտավորություններ, սակայն որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Իրանի խաղաղատոմ, միջուկային խաղաղ ծրագիր ունենալու գաղափարը»,- 168.amի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։

Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքին ու արդյունքներին, ապա Գրիգոր Բալասանյանը չի շտապում եզրակացություներ անել՝ շեշտելով, թե ամեն ինչ էլ հնարավոր է, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։

«Չեմ կարող ասել՝ ՀՀ իշխանությունն այս ֆոնին ինչ է անում, այս պահին հասկանալի չէ, թե ՀՀ արտաքին քաղաքականության մեր նավը ո՞ր հանգրվանին է մոտենում և  առհասարակ ունի՞ հանգրվան, թե՞ ոչ։ Այս պահին Հայաստանը պետք է առաջին հերթին ամրապնդի սեփական սահմաններն ու պատրաստվի վատթարագույնին։ Սյունիքում ու մյուս հատվածներում շատ կարևոր է լուծել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի, հացահատիկի լրացուցիչ պաշարների հարցը, քանզի, եթե Իրանի սահմանը փակվեց, ապա Ադրբեջանն անմասն չի մնալու ու փորձելու է փակել Վրաստան-Հայաստան սահմանը՝ Մառնեուլիում ադրբեջանցիների միջոցով, հարձակումներով հայկական բեռնատարների, մեքենաների վրա»,- հավելեց նա։

Նա նաև շեշտեց՝ Հայաստանն առհասարակ ուշի ուշով պետք է հետևի, թե ինչ է լինելու Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների արդյունքները։

Նրա գնահատմամբ՝ վատ չէր լինի, եթե, օրինակ, Օմանի փոխարեն՝ Հայաստանը լիներ միջնորդ-հարթակ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների համար։

«Գուցե ասածս շատերի համար զարմանալի է, բայց չեմ կարծում, թե Օմանը շատ ավելի մեծ հեղինակություն ունի և լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ և միաժամանակ ընդունելի ԱՄՆ-ի կողմից, քան Հայաստանը։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության մասին ինչ-որ մտադրություն, բայց քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ ՀՀ իշխանությունը չի կատարել, սա ուղղակի ցանկություն է արդեն»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս