Բաժիններ՝

Խիստ ուշադիր եղեք Ինեկոբանկում ձեր հաշվեհամարների նկատմամբ. կարող է ձեր հաշվից գումար գանձվել որևէ ծառայության համար, որից դուք իրականում չեք օգտվել. Նարեկ Կիրակոսյան

Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինեկոբանկի հարգելի հաճախորդներ, քարտապաններ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք Inecobank CJSC

Հարգելի հայրենակիցներ, խիստ ուշադիր եղեք Ինեկոբանկում ձեր հաշվեհամարների նկատմամբ. կարող է ձեր հաշվից գումար գանձվել որևէ ծառայության համար, որից դուք իրականում չեք օգտվել։

Ապրիլի 4-ին իմ հաշվից շուրջ 20 հազար դրամ է ելքագրվել Google-ի մի ծառայության համար, որը երբևէ չեմ ակտիվացրել։ Ամենակարևորն այն է, որ այն քարտը, որից գումարը ելքագրվել է, մի քանի օր առաջ եմ ստացել բանկից։ Ո՛չ CVV կոդը, ո՛չ քարտի հաշվեհամարը որևէ առցանց հարթակում չեմ նշել։ Ավելին՝ քարտը չի կցված եղել նույնիսկ Google Pay ծրագրին։

Սա՝ իրեն հարգող ցանկացած բանկի պարագայում, կարող էր համարվել սկանդալային դեպք, քանի որ որևէ տեղ չգրանցված քարտից գումար է ելքագրվել։ Սակայն, Ինեկոյի աշխատակիցներն այն հանգստությամբ էին արձագանքում, որ տպավորություն էր, թե այ ընկեր ջան, ինչ ես խառնվել իրար, ո՛չ առաջինն ես, ո՛չ՝ վերջինը։

Երեք օր շարունակ կապվել եմ Ինեկոբանկի հետ՝ խնդիրը ներկայացնելով։ Ամեն անգամ խոսակցությունն ավարտվել է խոստումով, որ լրացուցիչ ժամանակ է հարկավոր պարզաբանումների համար։ Կիրակի օրը հստակ ասել եմ՝ չընդհատեն զանգը մինչև վերջնական պատասխան չտան։ Այդ պահին աշխատակիցներից մեկը վստահեցրել է, որ գումարը կվերադարձվի երկուշաբթի։

Այսօր՝ մինչև ժամը 14։00-ը սպասեցի, գումարը չփոխանցվեց։ Կրկին զանգեցի, պատասխանեց մեկ այլ աշխատակից, նորից զրոյից սկսեցի պատմել խնդիրը, և նորից ժամանակ խնդրեցին։ Այդ «ժամանակը» 10 աշխատանքային օրն է։ Այսօր կարճ-կոնկրետ պահանջեցի, որ զանգը չընդհատեն, մինչև ինձնից գողացված 20 հազար դրամը չվերադարձվի։

Տվեցի կոնկրետ հարց՝

Ինչպե՞ս է իմ որևէ տեղ չգրանցված քարտից գումար ելքագրվել,

Ե՞րբ եք այդ գումարը վերադարձնելու,

Եվ պահանջեցի՝ մինչև այդ հարցերին չպատասխանեն, զանգը չկտրվի։

Մոտ մեկ ժամ տևած զրույցից հետո վերջապես ասացին, որ գումարը փոխանցվում է, և այդ պահին գումարը իսկապես նստեց հաշվիս։ Սակայն ամենակարևոր հարցին պատասխան չտրվեց՝ ինչպե՞ս է հնարավոր, որ Google-ում չգրանցված քարտից գանձում իրականացվի։

Ես այս պահին դեռ չեմ հրապարակում Ինեկոբանկի հեռախոսազանգերը սպասարկող աշխատակիցների իրարամերժ և 180 աստիճան տարբեր պատասխանների ձայնագրությունները, քանի որ նրանց մոտ դիտավորություն չեմ նկատել։ Ավելի շատ դա խոսում է փորձի և լիազորությունների պակասի մասին։

Բայց Ինեկոբանկի ղեկավարությունը պարտավոր է պարզաբանել՝

– Ինչպե՞ս է հնարավոր, որ որևէ տեղ չգրանցված քարտից գումար գանձվի։

– Արդյո՞ք սա չի նշանակում, որ մեր գումարները անվտանգ չեն։

– Արդյո՞ք հնարավոր է, որ մի օր արթնանանք և մեր հաշիվներում զրո տեսնենք։

Ես հույս ունեմ, որ Ինեկոբանկը կարձագանքի այս հարցերին։ Բայց ամեն դեպքում կոչ եմ անում՝ ձեր հաշիվների և քարտերի մնացորդները պարտադիր ստուգեք յուրաքանչյուր գործարքից առաջ ու հետո։

Եվ թող Ինեկոբանկը հույս չունենա, թե այս պատմության ավարտը լինելու է իմ կողմից բանկ փոխելը։ Ընդհակառակը՝ այս քայլով սկսում եմ գործընթաց, որի նպատակն է փոխել ձեր աշխատելաոճը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս