
Էներգետիկայի ոլորտում համագործակցությունն արտացոլում է արդյունավետ փոխհարաբերությունները ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև. Վասիլիս Մարագոս

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ ԵՄ-ն հանուն էներգետիկայի (EU4Energy)՝ «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում» ծրագրի երկրորդ փուլի փակումն ազդարարող համաժողովը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշեց, որ համաժողովը պատեհ առիթ է վերլուծելու, թե ինչ արդյունքներ են գրանցվել ծրագրի իրականացման շնորհիվ և մտածել հետագա համագործակցության մասին։
«Հայկական կողմն՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, անշուշտ, ունեցել է առանցքային դերակատարություն։ Մաքուր էներգիայի անցման խթանումը բավականին երկար ժամանակ եղել է ԵՄ-ի նպատակը։
Ծրագիրը մեկնարկել է չորս տարի առաջ, և հիմա շատ ուրախալի է, որ կան շոշափելի արդյունքներ։ Այն խնդիրները, որոնք վերաբերում են կայուն էներգետիկային, առնչվում են նաև կախվածությունների նվազեցմանը և նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար տվյալ բնագավառում՝ ունենալով քաղաքական, տնտեսական և սոցիալական նշանակություն։ Նման ծրագիրը տարածաշրջանում ԵՄ-ի ընդհանուր նպատակների մի մասն է միայն, հետևաբար մենք միասին աշխատում ենք՝ հասցեագրելու հիմնական խնդիրները»,- ասաց Մարագոսը։
Նա տեղեկացրեց, որ անցած չորս տարիների ընթացքում ԵՄ-ն վերահաստատել է համատեղ հանձնառությունը՝ գնալու դեպի կայուն և ֆինանսապես մատչելի էներգետիկ ապագա։ ԵՄ-ն հետայսու ևս կխթանի ու կընդլայնի տարածաշրջանային համագործակցությունը, ինչը հանդիսանում է տնտեսական դիմակայունության առանցքային բաղադրիչը։
«Այս ծրագիրը նպաստում է նաև կարողությունների ամրապնդմանը մաքուր էներգետիկայի ոլորտում։ Սա մի գործընթաց է, որն իսկապես պետք է զուգահեռաբար իրականացվի։ Չորս տարվա ընթացքում Հայաստանը եղել է արժեքավոր գործընկեր։ Համագործակցությունն էներգետիկայի բնագավառում արտացոլում է արդյունավետ փոխհարաբերությունները ԵՄ-ի ու Հայաստանի միջև։ Մենք աջակցում ենք նմանօրինակ նախագծերին, որոնց շրջանակում աշխատում ենք կարևոր գործընկերների հետ։ Նրանց շնորհիվ Հայաստանը կապահովի ներդաշնակ անցում մաքուր, մատչելի և կայուն էներգետիկայի»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Մարագոսի պնդմամբ՝ տվյալ գործում կարևոր դերակատարություն ունի նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որովհետև հիմնական նպատակներին հասնելու համար կարևոր են համապատասխան կարգավորումները, որոնց շնորհիվ կապահովվի թափանցիկություն, վերահսկելիություն և սպառողների լավագույն շահերի իրականացում։
«Կայուն և մրցակցային էներգետիկ ոլորտ ունենալու համար էական է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Հայաստանը շարունակում է կախված մնալ բնական գազից, սակայն ունի ներուժ՝ նվազեցնելու այդ կախվածությունը, ինչը համահունչ է մեր համատեղ ծրագրին, այն է՝ մաքուր էներգետիկային անցնելը։ Մենք շատ ավելի ներդրում պետք է կատարենք, պետք է շատ ավելի ռեսուրսներ մոբիլիզացնենք, առավել ևս, որ կարող ենք դա անել՝ հայ արտադրողներին բերելով համապատասխան օգուտներ։ Մենք տեսնում ենք վերականգնվող էներգետիկայի աճ ընդհանուր հաշվեկշռում, սակայն դեռ անելիքներ կան։ Մեր նպատակն է նաև վերականգնվող էներգետիկայի արդյունավետ ինտեգրումն ու տարածաշրջանային համագործակցության խթանումը ԵՄ-ի հետ, ինչը կբացի նոր հնարավորություններ ու կամրապնդի էներգետիկ անվտանգությունը»,- ասաց Մարագոսը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր ելույթում նշեց, որ համաժողովը պատեհ առիթ է՝ ի մի բերելու նշանակալից ձեռքբերումներն ու ձևավորելու առաջիկա քայլերն ընդհանուր նպատակի՝ Հայաստանի և ողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանի մաքուր, ապահով կայուն էներգետիկ ապագայի ուղղությամբ։
«Անցած տարիների ընթացքում «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» նախաձեռնությունը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանի էներգետիկ անցմանն աջակցելու գործում։ Այն օգնել է մեզ մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որն ամրապնդում է մեր էներգետիկ կարգավորման անկախությունն ու արդյունավետությունը, պաշտպանում սպառողներին և խթանում կայուն էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաների օգտագործումը։ Ծրագրի շրջանակում փորձի և գիտելիքի փոխանակումը, կարողությունների զարգացումը և տեխնիկական աջակցությունն անգնահատելի են եղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և բազմաթիվ այլ շահագրգիռ կողմերի համար»,- ասաց Մեսրոպյանը։ Նա կարևորեց նաև վերջին համատեղ նախաձեռնություններից մեկը՝ էներգետիկայի կարգավորման վերաբերյալ Երևանում անցկացված մեդիա սեմինարը, որին մասնակցեցին հայաստանյան ԶԼՄ-ներն ու էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները։
«Դա ցույց տվեց, թե որքան կարևոր են թափանցիկ երկխոսությունը և հանրային իրազեկվածությունը տեղեկացված բանավեճի և քաղաքացիների կողմից վստահության ձևավորման համար։ Սա հիանալի օրինակ է, թե ինչպես համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ կարող է բերել դրական փոփոխություններ։ Կարևոր է գիտակցել, որ մեր առջև ծառացած մարտահրավերները՝ էներգետիկ անվտանգությունը, շուկայի ազատականացումը, սպառողների շահերի պաշտպանությունը և էներգետիկ անցումն առանձնացված կամ մեկուսացված չեն միմյանցից, այլ փոխկապակցված են և պահանջում են սերտ համագործակցություն տարածաշրջանային մակարդակում և հետևողական համապատասխանեցում եվրոպական լավագույն փորձին ու չափանիշներին»,- ասաց Մեսրոպյանը։
Նա վստահեցրեց, որ կարգավորման անկախության ապահովումը, թափանցիկության բարձրացումը և մրցունակ էներգետիկ շուկաների խթանումը հանձնաժողովի առաքելության հիմքում են, իսկ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը լինելու է ՀՀ-ում էներգետիկ բարեփոխումների երկարաժամկետ հաջողության բանալին։ Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհրդի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Նադիա Հորստմանը նշեց, որ ծրագրի հիմնական ուղղվածությունը եղել է ընդհանուր էներգետիկ շուկայի ազատականացումը, ուստի ոլորտի կարգավորողներն օժանդակություն են տրամադրել նշված բաղադրիչի հետ կապված։
«Անցած չորս տարիների ընթացքում հայ գործընկերների հետ տաբեր ուղղություններով համագործակցել ենք սերտորեն։ Հիմնական հարցն առնչվել է ցանցային սակագների կարգավորմանը շուկայի ազատականացման համատեքստում։ Անցած տարիներին տեսել ենք, թե ինչպես է ծրագիրն աստիճանաբար իրականացվում։ Նպատակներն, ընդհանուր առմամբ, կապված էին կլիմայի փոփոխությունների պայմաններում անվտանգ էներգետիկայի մատակարարման հետ։ Մենք տեսել ենք ծրագրի բաղադրիչների ինտեգրման շարունակական բարելավում։ Տվյալ ցիկլը փակվում է, սակայն սկսվելու է նորը, որովհետև ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից։ Եվրոպայից պահանջվեց ավելի քան 20 տարի՝ շուկան ազատականացնելու համար։ Սա երկարատև պրոցես է, ուստի նման ծրագրերը լինելու են շարունակական»,- ասաց Հորստմանը