Մակրոնը պետք է հրաժարական տա, նա երկիրը ներքաշում է միջուկային տերության դեմ պատերազմի մեջ. Նիկոլա Դյուպոն-Էնյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա, քանի որ երկիրը ներքաշում է միջուկային տերության դեմ պատերազմի մեջ,- X սոցիալական ցանցում գրել է «Ոտքի ել, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ և Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը, ով օրեր առաջ կրկին կոչ էր արել հեռացնել Մակրոնին պաշտոնից։

Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել ֆրանսիական թերթերից մեկում հրապարակված «Ֆրանսիացի և բրիտանացի գեներալները` Զելենսկու շեմին. ռազմական հրամանատարների այցը Կիև կրկին կասկածի տակ է դնում Արևմուտքի դերը հակամարտության մեջ» հոդվածը։

«Սա խենթություն է։ Մակրոնը, առանց խորհրդարանի համաձայնության, Ֆրանսիան ներքաշում է պատերազմի միջուկային տերության՝ Ռուսաստանի հետ, հենց այն ժամանակ, երբ խաղաղ բանակցություններ են ընթանում։ Կառավարությունը գրաքննություն է մտցնում, և ժամանակն է, որ նախագահը հրաժարական տա։ Ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ է ընդդիմությունը լռում»,-գրել է Նիկոլա Դյուպոն-Էնյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նա գրել էր, որ Մակրոնի պաշտոնանկությունը կենսական և անհետաձգելի իրողություն է։ Էնյանը Մակրոնին մեղադրել էր Ռուսաստանից կեղծ սպառնալիք ստեղծելու մեջ, ինչը, նրա կարծիքով, Ֆրանսիայի քաղաքացիների հաշվին իշխանությունը պահպանելու և ֆինանսական հարստացման միջոց է։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը, իբր, սկսել է սպառնալ Ֆրանսիային ու ամբողջ Եվրոպային։

Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել քննարկում սկսել միջուկային զենքի կիրառման շուրջ՝ Եվրամիությունը պաշտպանելու և նրա պաշտպանունակությունը զարգացնելու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան չի նախատեսում հարձակվել Եվրոպայի վրա, այլ, ընդհակառակը, ցանկանում է նրան տեսնել որպես առևտրային գործընկեր։

Տեսանյութեր

Լրահոս