Բաժիններ՝

Ի՞նչ է աուտիզմը. Աուտիզմը Հայաստանում

Ի՞նչ է աուտիզմը

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ աշխարհում մոտավորապես 100 երեխաներից 1-ը աուտիզմ ունի։ Աուտիստիկ Սպեկտրի Խանգարումը (ASD) բարդ զարգացման վիճակ է, որը բնորոշվում է սոցիալականացման դժվարություններով, նեղ հետաքրքրություններով և կրկնվող վարքագծով։ Աուտիզմը սովորաբար հնարավոր է ախտորոշել 2-3 տարեկանում, սակայն աուտիզմի որոշ տեսակներ, օրինակ՝ բարձր ֆունկցիոնալ աուտիզմը (HFA), կարող են չունենալ ակնհայտ ախտանշաններ, և ախտորոշումը կարող է կատարվել նույնիսկ մեծահասակ տարիքում։ Ժամանակակից գիտությունը ցույց է տալիս, որ որոշ գենետիկական առանձնահատկություններ ունեցող մարդիկ, օրինակ՝ Փխրուն X սինդրոմով (ժառանգական մտավոր և զարգացման խանգարում) կամ Տուբերոզ սկլերոզով (ոչ քաղցկեղային գոյացություններ մարմնում, որոնք ազդում են վարքի, մտածողության և ուսման վրա), ավելի մեծ հավանականությամբ ախտորոշվում են աուտիզմով։

2007 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ ապրիլի 2-ը հայտարարվել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։ Այս օրը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը աուտիզմի վերաբերյալ և նպաստել աուտիզմ ունեցող անձանց ներառմանը և բարեկեցությանը ամբողջ աշխարհում։ Այս տարի՝ 2025 թվականին, Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա թեման է «Նեյրոբազմազանության Խրախուսումը և ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակները (SDGs)»։ Այս թեման ընդգծում է նեյրոբազմազանության ճանաչման և խթանման կարևորությունը՝ միաժամանակ համակարգելով նախաձեռնությունները ՄԱԿ-ի սահմանած ավելի լայն կայուն զարգացման նպատակների հետ։

Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն աուտիզմ ունեցող անձիք իրականում

Աուտիզմ ունեցող շատ մարդիկ ունենում են դժվարություններ սոցիալական ազդակները, հույզերը, խոսքի տոնը և մարմնի լեզուն հասկանալու հարցում։ Նրանք հաճախ կարող են անհամապատասխան արձագանքել զրույցների ժամանակ՝ ոչ վերբալ ազդակները սխալ մեկնաբանելու պատճառով (American Psychiatric Association, 2013)։
Աուտիստիկ սպեկտրի խանգարման (ASD) մեկ այլ բնորոշ գիծ է կրկնվող վարքագիծը։ Շատ աուտիզմ ունեցող անձինք հաճախ կատարում են կրկնվող շարժումներ, օրինակ՝ ճոճվում են առաջ ու հետ, թափահարում ձեռքերը կամ կրկնում որոշ խոսքային արտահայտություններ (էխոլալիա՝ բառերի կամ արտահայտությունների կրկնություն) (Turner, 1999)։

Աուտիզմ ունեցող մարդիկ հաճախ ունենում են սևեռուն հետաքրքրություններ որոշակի թեմաների նկատմամբ, որոնք կարող են անսովոր թվալ շրջապատողների համար (օրինակ՝ գնացքների շարժիչների համարներ, ոռոգման համակարգի սարքավորումներ)։ Սակայն, նրանց համար չափազանց գրավիչ է ժամեր շարունակ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այդ թեմաների մասին (South et al., 2005)։

Բացի այդ, աուտիզմ ունեցող մարդիկ դժվարանում են հանկարծակի կամ չպլանովորված փոփոխությունների դեպքում և կարող են մեծ սթրես ապրել, եթե իրենց ժամանակացույցում անսպասելի փոփոխություններ լինեն։ Հետևաբար, կառուցվածքային միջավայրը և հստակ սպասելիքները կարող են նրանց համար ապահովության և անվտանգության զգացում ստեղծել (South et al., 2005)։

Ըստ Էմպատիզացման-Սիստեմիզացման տեսության՝ աուտիզմ ունեցող մարդիկ ունեն ցածր էմպատիզացման ունակություն (դժվարանում են հասկանալ և արձագանքել ուրիշների հույզերին), սակայն հաճախ ունեն բարձր սիստեմիզացման հմտություններ (լավ կարողանում են ճանաչել օրինաչափություններ, վերլուծել համակարգեր և կենտրոնանալ մանրամասների վրա)։ Այսինքն, թեև աուտիզմ ունեցող մարդիկ կարող են դժվարանալ սոցիալական ազդակները հասկանալու հարցում, նրանք զույգ չեն էմպաթիայից և իրենց ձևով կարող են խորը հոգ տանել ուրիշների մասին (Baron-Cohen et al., 2009)։

Հայտնի միֆեր և փաստեր աուտիզմի մասին

Որոշ մարդիկ կարծում են, որ աուտիզմը հիվանդություն է։ Սակայն հիվանդությունը սովորաբար ունի հայտնի պատճառ (օրինակ՝ բակտերիաներ կամ վիրուսներ), մինչդեռ աուտիզմը նեյրոճանաչողական խանգարում է, որը հնարավոր չէ բուժել, այլ կարելի է կառավարել և աջակցել։

Մեկ այլ տարածված միֆ այն մասին, որ աուտիզմ ունեցող մարդիկ զուրկ են էմպաթիայից և զգացմունքներից։ Չնայած՝ տեսության համաձայն, նրանց կարող են դիտվել որոշ դժվարություններ (Baron-Cohen et al., 1997),բայց նրանք ունեն զգացմունքների ամբողջական դիապազոն։ Սա հաճախ սխալ է ընկալվում, քանի որ աուտիզմ ունեցող մարդիկ զգացմունքները արտահայտում են այլ կերպ և ունեն դժվարություններ սոցիալական ազդակները հասկանալու մեջ, սակայն դա չի նշանակում, որ նրանք անտարբեր են։

Ոմանք կարծում են, որ աուտիզմը վերածվում է համաճարակի, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ախտորոշվում աուտիզմով, սա կայան սա ևս միֆ է: Պատճառը այն է, որ ժամանակակից հոգեբուժությունն ավելի խորն է հասկանում աուտիստիկ սպեկտրի խանգարումը և կարողանում է ավելի ճշգրիտ ախտորոշել այն։
Կա նաև տարածված համոզմունք, որ աուտիզմ ունեցող մարդիկ բացառիկ ինտելեկտ ունեն և տաղանդավոր են։ Թեև որոշ մարդիկ իսկապես ունեն յուրահատուկ կարողություններ մաթեմատիկայի, երաժշտության կամ արվեստի ոլորտներում, մեծամասնությունը ունի նույն մտավոր կարողությունները, ինչ նեյրոտիպիկ մարդիկ։ Քանի որ աուտիզմը սպեկտրային խանգարում է, նրանց կոգնիտիվ ունակությունները կարող են զգալիորեն տարբերվել (Happé & Frith, 2009)։

Աուտիզմ ունեցող սովորողները. նրանց դժվարությունները կրթության մեջ

Աուտիզմ ունեցող սովորողները բախվում են բազմաթիվ դժվարությունների կրթության ընթացքում, ինչպիսիք են մեկուսացումը, խտրականությունը, աջակցության բացակայությունը, սոցիալական անհանգստությունը և այլն։

Ուսուցիչներն հաճախ ունեն ցածր ակնկալիքներ ունեն աուտիզմ ունեցող սովորողների նկատմամբ՝ նրանց ընկալելով որպես զոհ կամ կարծելով, որ նրանց հմտությունները չեն բարարում:

Այդպիսի վերաբերմունքը բազմաթիվ բացասական հետևանքներ ունի աուտիզմ ունեցող աշակերտների համար, այդ թվում՝

  • ցածր ինքնագնահատական,
  • ուսումնական առաջադիմության նվազում,
  • սոցիալական շփման դժվարություններ (Reid & Batten, 2006)։

Դպրոցական միջավայրը նույնպես կարող է լուրջ սթրես առաջացնել աուտիզմ ունեցող սովորողների մոտ։ Զբաղված դասասենյակները, փոփոխվող դասացուցակները և մարդաշատ միջանցքները կարող են մեծացնել նրանց անհանգստությունը։ Ըստ van Steensel et al. (2011)-ի ուսումնասիրության՝ աուտիզմ ունեցող սովորողների մոտ 40%-ը ախտորոշվում է նաև անհանգստության խանգարումով։

Ներառականությունը աշխատավայրում

Կյանքը չի սահմանափակվում միայն դասասենյակով, այն շարունակվում է աշխատավայրում։ Կարևոր է ճանաչել, որ անհրաժեշտ է աջակցել աուտիզմ ունեցող անձանց նրանց նաև չափահաս տարիքում

Autism Speaks կազմակերպության կողմից մշակվել է Workplace Inclusion Now (WIN) ծրագիրը։ Այս ծրագիրն ուղղված է աշխատավայրում նեյրոբազմազանության ներառմանը՝ հաշվի առնելով, որ աուտիզմ ունեցող մարդիկ կարող են ունենալ ուժեղ կողմեր, ինչպիսիք են՝

խնդիրների լուծման հմտությունները,

մանրուքների նկատմամբ բարձր ուշադրությունը,
նորարարական մտածողությունը։

WIN-ը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ ստեղծելու աուտիզմին հարմարեցված աշխատավայրեր։ Այն իրականացնում է հետևյալ քայլերը.

  • կրթում է գործատուներին նեյրոբազմազանության մասին,
  • խթանում է սենսորային-հարմարեցված աշխատավայրերի ստեղծումը,
  • ապահովում է ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • տրամադրում է անվճար մասնագիտական պատրաստվածության դասընթացներ, ռեզյումեի կազմման աջակցություն և հարցազրույցների նախապատրաստում։

Աուտիզմը Հայաստանում

Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության՝ 2019 թվականի տվյալներով մեր երկրում աուտիզմով և ատիպիկ աուտիզմով ախտորոշված երեխաների թիվը կազմում էր 741, որոնցից 623-ը տղաներ էին, իսկ 118-ը՝ աղջիկներ։

2024 թվականին Հայաստանում իրականացվել է դեպք-վերահսկիչ հետազոտություն, որն ուսումնասիրել է նախածննդյան, ծննդյան և նորածնային ռիսկային գործոնները, որոնք կարող են կապված լինել աուտիստիկ սպեկտրի խանգարման (ASD) հետ հայ երեխաների շրջանում։ Հետազոտությանը մասնակցել են 168 աուտիզմ ունեցող երեխաներ և 329 վերահսկիչ խումբ՝ առանց ASD ախտորոշման։

Դեղորայքի օգտագործում. Հղիության ընթացքում մագնեզիում B6 (MgB6) հավելումների օգտագործումը կապված էր ASD-ի զարգացման ավելի բարձր հավանականության հետ։

Հղիության բարդություններ. Հղիության ընթացքում առաջացած բարդությունները և ծննդաբերությունը խթանող դեղերի կիրառումը կարևոր ռիսկային գործոններ էին։

Տեսանյութեր

Լրահոս