
Մյանմայի զինվորականները կրակ են բացել չինական Կարմիր խաչի ավտոշարասյան վրա

Մյանմայի զինվորականներն ապրիլի 1-ի ուշ երեկոյան կրակ են բացել չինական Կարմիր խաչ ընկերության ավտոշարասյան վրա, որն օգնություն էր տեղափոխում երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Զինված ապստամբների «Թաանգի ազգային ազատագրական բանակ» խմբավորումը հայտնել է, որ արևելյան Շանի նահանգում զինվորականները գնդացիրներով կրակ են բացել ինը մեքենայից բաղկացած շարասյան վրա։
Ավտոշարասյունն ուղևորվում էր դեպի Մանդալայ քաղաք, որը մեծապես վնասվել է մարտի 28-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժից: Մյանմայի խունտան հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը, և հերքել է, որ կրակել է անմիջապես մեքենաների վրա: Ըստ խունտայի հաղորդագրության՝ զորքերն օդ են կրակել այն բանից հետո, երբ շարասյունը կանգ չի առել, չնայած նման հրահանգ է տրվել:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 2-ին հայտարարել է, որ իր փրկարարական թիմը և պաշարներն ապահով են։ Գերատեսչությունը հույս է հայտնել, որ «Մյանմայի բոլոր խմբակցություններն ու կուսակցությունները առաջնահերթություն կտան երկրաշարժից տուժածներին օգնելու ջանքերին»:
Մյանմայում քաղաքացիական պատերազմ է ընթանում 2021 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած խունտայի և էթնիկ աշխարհազորայինների ու դիմադրության ուժերի միջև։
Երկրում հումանիտար ճգնաժամը վատթարացել է մարտի 28-ին 7,7 և 6,4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժերից հետո։ Երկրում զոհերի թիվը հասել է 2886-ի։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Թաիլանդում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի։