«Փաշինյանը դաժան հաշվեհարդար կտեսնի. կլինեն ձերբակալություններ, թիմերից առևանգումներ». Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «իշխանությունը չի վայելում հանրության վստահությունը և պետք է վռնդվի»:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա հիշեցրեց այն դեպքերը, երբ ՏԻՄ ընտրություններում պարտություններից հետո տվյալ երկրների վարչապետները, ովքեր քաղաքական իշխող ուժն են ղեկավարում, հրաժարական են տալիս:

«Փաշինյանը նույնպես պետք է ընտրություններից հետո հրաժարական տար, որովհետև երկու համայնքներում էլ ընտրություններն արտահերթ էին, երկուսն էլ արտահերթ էին իշխանությունների հրահրած արհեստական քաղաքական ճգնաժամերի պատճառով, որովհետև 2021թ. երկու համայնքում էլ եղել էր ընտրություն, այնտեղ ընտրվել էր համայնքի ավագանու ղեկավար, և իրենք հրահրեցին իրավիճակ, որպեսզի իշխանազավթում իրականացնեն, ու իրենք էլ ամբողջ թիմով ներգրավված էին այդ գործում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Փաշինյանն իր թիմով ներգրավված էր ընտրարշավում, բայց երկու համայնքում էլ ժողովուրդը տապալել է այս իշխանություններին:

Էդգար Ղազարյանը վստահ է՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի, ՔՊ-ից էլ կմիանան այդ գործընթացին.

Կարդացեք նաև

«Մենք տեսնում ենք՝ ՔՊ-ում ինչ է կատարվում: Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ՔՊ-ի պատգամավորներ էին, չէ՞. ընդամենը մի քանի ոչխար փոխեց նրանց կյանքը: Ես կարծում եմ, որ Փաշինյանն ավելին է, քան մի քանի ոչխարը, և կարող է նրա ֆակտորը ՔՊ-ում մարդկանց դիրքորոշումների վերանայման առիթ հանդիսանալ, առավել ևս, որ ինքը բարձր ինքնագնահատականի արդյունքում իրեն հռչակել է գելխեղդ, այսինքն՝ ոչխարների պահապան շուն: Հետևաբար, նրա հարցի քննարկումը կարող է պատճառ հանդիսանալ, որ մարդիկ դուրս գան ՔՊ-ից:

Վիլեն Գաբրիելյանը մի քանի օր առաջ ՔՊ-ական պատգամավոր էր: Կարող է որոշում կայացնեն ու կուսակցությունից էլ հեռացնեն՝ ոչ համարժեք պահվածքի համար, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը կարող է ասել՝ նման իրավիճակներում պետք է թքել մարդկանց վրա: Ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցածին, ես կարծում եմ, որ դա իր կողմից գիտակցված գործողություն էր, նա հատուկ գնացել էր Գյումրի՝ այդ ներկայացման համար: Շատերն ասում են, որ նա տարբեր նյութերի ազդեցության տակ էր, բայց ես կարծում եմ, որ նա գնացել էր Գյումրի՝ հատուկ այդ ներկայացման համար: Ուղղակի նա խմիչքի կամ այլ նյութերի ինչ-որ դոզա վերցրել էր՝ ներքին համարձակության համար, բայց նրա գործողությունները գիտակցված էին: Դա նրա անձնական որոշումն էր, նա որևէ կերպով չի տարբերվում ՔՊ-ի մյուս պատգամավորներից, և նույն կեցվածքի դրսևորումներ մենք կարող ենք տեսնել ցանկացած այլ պատգամավորի պարագայում»:

Հարցին՝ Փաշինյանը կհաշտվի՞ այս իրավիճակի հետ, թե՞ այլ գործողությունների ականատես կլինենք, նա պատասխանեց. «Փաշինյանի համար քաղաքացու որոշումը օրենք է միայն այն դեպքում, երբ դա համընկնում է իր որոշումների հետ, մնացած բոլոր դեպքերում ինքը դաժան հաշվեհարդար է տեսնում և՛ այդ որոշումը կայացնողների, և՛ այդ որոշման արդյունքում ընտրված գործիչների նկատմամբ:

Կարծում եմ՝ արժի հիշել, թե ինչու Գյումրիում եղան ընտրություններ, որովհետև Փաշինյանը չի հաշտվել Գյումրի համայնքի բնակիչների 2021թ. կայացրած ընտրության հետ, որը որևէ առնչություն չուներ ՔՊ-ի հետ, և նրանք տապալեցին Գյումրիում իշխանությունը, որպեսզի նորից զավթեն: Հիմա ի՞նչ փոխվեց. Նույն Նիկոլ Փաշինյանը, նույն Գյումրիի բնակիչները, որոնք չեն ուզում տեսնել Փաշինյանին: Դրան կհաջորդեն ձերբակալություններ, հաշվեհարդարներ, տարբեր թիմերից մարդկանց առևանգումներ, այն, ինչ տեղի ունեցավ նաև Երևանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս