
Որքան շուտ ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը», այնքան լավ կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար․ Իրանի փոխարտգործնախարար

«Շատ լավ նորություն է, որ համաձայնագիրը վերջանական տեսքի է բերվել։ Մեր կարծիքով, որքան շուտ ստորագրվի այդ փաստաթուղթը, այդքան լավ կլինի երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար։ Շատ արյունահեղություն, ատելություն և պատերազմ ենք տեսել տարածաշրջանում, ժամանակն է վերջ տալ դրան»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Թեհրանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ համաձայնությունը։ Այս մասին հաղորդում է News.ru-ն։
«Հավատացած ենք, որ հարկավոր է կենտրոնանալ այն հնարավորությունների վրա, որոնք կբացվեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Իսկ Իրանը, որպես երկու երկրների բարեկամ, պատրաստ է բարեկամության ձեռք մեկնել Հայաստանին և Ադրբեջանին, չենք վարանի անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար։ Հարկավոր է կենտրոնանալ ապագայի վրա։ Նախկինում երկու երկների միջև խնդիրներ են եղել, սակայն ռազմական ճանապարհով կարգավորում լինել չի կարող, դա միշտ ժամանակավոր լուծում է։ Անցյալը անցյալում է։ Հիմա ժամանակն է, որ երկու ժողովուրդներն էլ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան հարաբերությունները կարգավորելու համար։ Մասնավորապես՝ տնտեսական դաշտում մեծ ներուժ կա, Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը»,–ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերում» նախագծին, և դրա հնարավոր ազդեցությանը տարածաշրջանում, Մաջիդ Թախտ Ռավանչին ասաց.
«Կարծում եմ, որ հարևան երկրների միջև կապը փաստ է, և դա պետք է հարգել։ Հարևան երկրների միջև տրանսպորտային միջանցքները, այդ երկրներին կապող երթուղիները կարևոր են առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Մենք աջակցում ենք հարևան երկրների միջև կապերի դիվերսիֆիկացմանը, դա լավագույն միջոցն է, որի շնորհիվ ժողովուրդները կարող են օգուտներ քաղել իրենց երկրների հարաբերություններից։ Իրանը և Հայաստանը որպես հարևաններ կարող են օգտագործել տարբեր հնարավորություններ։ Օրինակ, Հայաստանը կարող է հասնել Իրանի մյուս հարևաններին՝ օգտվելով Իրանի ճանապարհներից ու երկաթուղային համակարգից։ Եվ հակառակը, Իրանը Հայաստանի միջոցով կարող է միանալ Հայաստանի հարևան երկրներին, ուստի հաղորդակցությունները կարևոր են հարևան երկրների միջև առևտուրը դիվերսիֆիկացնելու համար։
Հարցին, թե ինչպես է Թեհրանը գնահատում այն, որ Հայաստանը զարգացնում է նաև համագործակցությունը ԵՄ–ի հետ, Իրանի փոխարտգործնախարարը պատասխանեց.
«Ցանկանում եմ ընդգծել, որ հարաբերությունների զարգացումը յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ներքին գործն է։ Դա վերաբերում է նաև ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերություններին։ Մենք չենք խառնվում մեր հարևանների ներքին որոշումներին։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը դրական ենք գնահատում։ Այդ համատեքստում կարող են առաջ գալ Հայաստան–Իրան–ԵՄ եռակողմ գործակցության հնարավորություններ, ինչը մենք կողջունենք։ Կարող ենք տարածաշրջանը միասին զարգացնել, կարելի է մտածել այդ մասին»։