
7 տարի տևած նախաքննության, ինչպես նաև 3 տարի տևած դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ օտարված հողամասերից որևէ մեկը երբևէ փաստացի պատկանել է Տարոն Մարգարյանին․ Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երրորդը՝
Գլխավոր դատախազի կողմից նշված ինչ-որ «ձևական աճուրդների» մասով հարկ եմ համարում տեղեկացնել, որ թե դատարանում քննվող քրեական գործով և թե նախաքննական մարմնում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ խնդրո առարկա հողամասերի օտարման վերաբերյալ աճուրդներi ձևականության վերաբերյալ, դեռ ավելին՝ քննությամբ հաստատված է, որ համապատասխան աճուրդներն իրականում կայացել են և պահպանվել են դրանց համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։
Այս մասով հատուկ շեշտեմ, որ սույն քրեական գործով գրեթե 7 տարի տևած նախաքննության, ինչպես նաև 3 տարի տևած դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, ինչը կարող է նույնիսկ կասկած հարուցել առ այն, որ օտարված հողամասերից որևէ մեկը երբևէ փաստացի պատկանել է Տարոն Մարգարյանին, ձեռք չի բերվել որևէ տվյալ, ինչը թեկուզ տպավորություն կստեղծի, որ պարոն Մարգարյանը որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի նյութական օգուտ է ունեցել այս հողամասերի օտարումից։
Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև իմ կողմից վկայակոչված՝ կառավարության որոշմանը, որով օտարվել էր մեկ այլ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասն ու շինությունը՝ նշելով, որ եթե դա կատարվել է կառավարության կողմից, ապա ամեն ինչ նորմալ է։
Այս մասով պետք է պարզաբանեմ, որ իմ կողմից վկայակոչված որոշման խնդիրը կայանում է նրանում, որ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասը և շինությունն ուղիղ վաճառքով օտարվել է այլ կազմակերպության և այդ գույքը հետագայում չի օգտագործվել ուսումնական նպատակներով, ինչը քննչական մարմնի և դատախազության կողմից դիտվել է իրավաչափ, այնինչ պարոն Մարգարյանի դեպքում քննչականի ու դատախազության տրամաբանությունը տրամագծորեն այլ է՝ պարոն Մարգարյանին մեղսագրվող հանցանքով որպես պատճառված վնաս դիտարկել են այն հանգամանքը, որ օտարված հողամասերն ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի պարտադիր պետք է օգտագործվեին միայն ուսումնական նպատակներով։
Հենց այստեղ է ակնառու երևում դատախազության մոտեցումների երկակիությունը։
Դեռ շարունակելի…»։