
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկիր ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից։ Իսկ ավտոպահեստամասերի նկատմամբ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մայիսից կամ ավելի ուշ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թրամփը հայտարարել է, որ այս քայլը կհանգեցնի ավտոարդյունաբերության ոլորտում «հսկայական աճի», ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ավելացման։Սակայն վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը ժամանակավորապես կկանգնեցնի ԱՄՆ-ում ավտոարտադրությունը, կհանգեցնի գների աճի և կսրի դաշնակիցների հետ հարաբերությունները։
ԱՄՆ-ն 2024 թվականին ներմուծել է շուրջ 8 միլիոն ավտոմեքենա։ Մեքսիկան ԱՄՆ մեքենաների ամենախոշոր մատակարարն է, որին հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան և Գերմանիան։ Ամերիկյան ավտոարտադրողներից շատերը գործարաններ ունեն Մեքսիկայում և Կանադայում, քանի որ երեք երկրների միջև տարիներ շարունակ գործել է ազատ առևտրի համաձայնագիրը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ հրամանը կտարածվի ոչ միայն պատրաստի ավտոմեքենաների, այլևս ավտոպահեստամասերի վրա։
Սակայն Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ավտոպահեստամասերի համար առայժմ բացառություն կարվի, մինչ սահմանապահ ծառայությունը ներդնում է մաքսերը գնահատելու համակարգ։
Թրամփին մամուլի ասուլիսում հարցրել են՝ արդյոք մաքսատուրքեր սահմանելու որոշումը հետագայում կփոխվի, սակայն նա բացասական է պատասխանել՝ հավելելով, որ «սա մշտական է»։«Եթե ձեր մեքենան արտադրեք Միացյալ Նահանգներում, ոչ մի մաքսատուրք չի լինի», – ասել է ԱՄՆ նախագահը։
Մաքսատուրքերի սահմանման ֆոնին General Motors-ի բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 3%-ով։ Նման միտում են ցույց տվել նաև այլ ավտոարտադրողները, այդ թվում՝ Ford-ը։ Տոկիոյում ևս նվազել են այնպիսի արտադրողների բաժնետոմսերի գինը, ինչպիսիք են Toyota-ն, Nissan-ը, Honda-ն։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ իր կառավարությունը կդիտարկի մաքսատուրքերին պատասխանելու բոլոր տարբերակները։