
Փետրվարի 28-ի գիշերը սարսափելի էր, Հռոմի պապը կարող էր կյանքից հեռանալ. ի՞նչ է պատմում նրան բուժող բժիշկը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ սրացում է ունեցել հիվանդանոցում գտնվելու ժամանակ, և ինչ-որ պահի բժիշկները վախեցել են նրա կյանքի համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում այս մասին պատմել է Հռոմի պապին բուժող բժիշկ, Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սերջո Ալֆիերին։
Նրա խոսքով՝ ամենածանր պահը եղել է փետրվարի 28-ին՝ հիվանդանոց ընդունվելուց երկու շաբաթ անց, երբ բրոնխիալ սպազմ է սկսվել՝ փսխման նոպայով և ասպիրացիայով, ինչը շնչառական համակարգի կտրուկ վատթարացում է առաջացրել: Բժիշկները ստիպված են եղել դիմել բրոնխների մաքրման և թոքերի ոչ ինվազիվ օդափոխության։
«Առաջին անգամ ես արցունքներ տեսա մոտակայքում գտնվող մարդկանց աչքերում։ Մարդիկ, որոնք, ինչպես հասկացա, իսկապես հոր պես են սիրում նրան: Մենք բոլորս հասկանում էինք, որ իրավիճակը լրջորեն վատացել է, և վտանգ կա, որ մենք չենք հաղթահարի․․․ Այդ գիշերը սարսափելի էր։ Նա, ինչպես և մենք, գիտակցում էր, որ կարող է ողջ չմնալ»,- ասել է Ալֆիերին:
Նրա խոսքով՝ Հռոմի պապը գիտակից է եղել ամբողջ ճգնաժամի ընթացքում և մասնակցել է որոշումների կայացմանը։
Հռոմի պապը ստիպված կլինի վերականգնել խոսելու ունակությունը, կարդինալ Ֆերնանդես
«Մենք ստիպված էինք ընտրել՝ թողնել նրան, թե ռիսկի դիմել և փորձել հնարավոր ամեն ինչ։ Մենք ընտրեցինք երկրորդը»,- հավելել է բժիշկը։
Հռոմի պապը հիվանդանոցից դուրս է գրվել 5 շաբաթ տևած բուժումից հետո: Նշանակվել է երկարատև թերապիա և երկամսյա հանգիստ։ Բժիշկը հայտնել է, որ քահանայապետին խորհուրդ է տրվել սահմանափակել շփումները, հատկապես երեխաների և մարդկանց խմբերի հետ, որպեսզի խուսափեն կրկնակի վարակվելուց:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսը «Ջեմելի» կլինիկա էր ընդունվել փետրվարի 14-ին՝ ընդունելությունից հետո, բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Ավելի ուշ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։ Հոսպիտալացման ընթացքում նա չորս շնչառական ճգնաժամ է ունեցել։ Նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղարկվել են։