
Առաջինից երկրորդ ընթերցման միջև պաուզան ՌԴ-ի հետ «բազարի պաուզա» էր․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց և հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Ու մինչ այն կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում, նախագծի հեղինակներն ակնկալում են, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը կմտնի այդ կառույցի անվտանգության հովանոցի տակ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը փետրվարի 11-ից էր սկսել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները․ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախագիծը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել էր, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել էին։
ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168․am-ի հետ զրույցում Եվրոպական միությանն անդամակցելու հեռանկարի մասին իր դիտարկումներում հետևյալ համոզումը հայտնեց․
«Քանի որ Նիկոլ Փաշինյանն ամեն հնարավորն ու անհնարը կործանել է, սեփական իշխանությունը պահելու խնդիր ունի, ու այդ պաուզան, որ իրենք վերցրին առաջինից երկրորդ ընթերցման ինտերվալում, դա «բազարի պաուզա» էր՝ սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստանալու համար. Ռուսաստանի հետ բազար անելու պաուզա էր։ Ենթադրում եմ, որ այդ երաշխիքները ռուսական կողմից չեն տրվել, ուստի և անցել են շանտաժի երկրորդ փուլին՝ երկրորդ ընթերցմամբ նախագիծն ընդունելուն»։
Նաիրա Զոհրաբյանը, սակայն, արձանագրեց՝ մեկնարկած գործընթացն ամենևին իրավական ուժ չունի և չի կարող ունենալ, քանի որ մեկ անգամ չէ, որ ԵՄ բարձրաստիճան դեմքերը հայտարարել են, թե ԵՄ-ն կատեգորիկ դեմ է ԵՄ սահմանների ընդլայնմանը։
«Այսօր Եվրոպական միությունը գտնվում է բավականին խոցելի վիճակում, ու այժմ ավելի քան արդիական է ամերիկյան քաղաքականության կնքահորը՝ Հենրի Քիսինջերին վերագրվող այն հայտնի խոսույթը, թե գալու է մի օր, երբ մենք չենք իմանալու՝ ի՞նչ է Եվրոպան, կամ՝ ո՞ւմ պետք է զանգահարել, երբ ուզում ես խոսել Եվրոպայի հետ»,- պարզաբանեց քաղաքական գործիչը։
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը սա համարում է ընդամենը ընդդեմ ՌԴ-ի շարքային շանտաժ՝ նկատելով, որ դրա հետևանքներն ուղղակիորեն անդրադառնալու են ՀՀ քաղաքացիների վրա, որովհետև ՌԴ առաջին դեմքերն են անգամ բաց զգուշացել «Նիկոլի՝ երկու աթոռին նստելու հետևանքների մասին»։ Իսկ վերջինս, ըստ Նաիրա Զոհրաբյանի, տնտեսական ու քաղաքական առումով շատ ծանր է լինելու ՀՀ համար։
«Եկեք չմոռանանք, որ շուրջ մեկ ամիս առաջ Երևանում էին ԵՄ պառլամենտի պատգամավորները, որոնցից մեկը, շատ անկեղծորեն դիմելով իշխանությանը, ասաց՝ հուսով եմ, որ դուք ձեր հանրության հետ անկեղծ եք և տեղեկացրել եք, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն ընդամենը ձեր ցանկությունն է։ Այսինքն՝ սա հստակ ազդակ էր, որ ԵՄ-ում Ձեզ որևէ մեկը չի սպասում,- հավելեց նա՝ դարձյալ ընդգծելով,-
Մենք հիմա տեսնում ենք ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները․ ինչպես են ԵՄ լոկոմոտիվ երկրներն ուղղակի դժգոհում, թե ինչու իրենք իրենց ուսերին որպես բալաստ պետք է տանեն, օրինակ, Մերձբալթյան երկրները, Բուլղարիան կամ Հունաստանը։
Ու այս պարագայում մտածել, որ տեսանելի ապագայում, ասենք՝ առաջիկա 100 տարում, ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամ, իհարկե, միֆ է։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեկ խնդիր է լուծում՝աշխարհաքաղաքական ու ներքաղաքական շանտաժներով պահել սեփական իշխանությունը, հետևաբար՝ սա բացարձակ դեպի Եվրոպա գնալու հայտ չէ, այլ շանտաժ՝ ակնկալիքով, որ ՌԴ-ից իրեն կասեն՝ արի, մենք քեզ էլի կպահենք, ինչպես, լինենք անկեղծ, մինչ օրս եղել է. Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուս՝ այս ազգակործան իշխանությանը պահելու համար»։