
Կանադայի ԱԳՆ-ն դատապարտել է Չինաստանում 4 կանադացիների մահապատիժը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին դատապարտել է Չինաստանին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով 4 կանադացիների մահապատժի ենթարկելու համար: Այս մասին նա հայտնել է լրագրողներին մարտի 19-ին։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք կանադացիների մահապատիժը Չինաստանում», – Ժոլիի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Արտգործնախարարը հայտնել է, որ այդ մարդիկ ունեին Կանադայի և Չինաստանի երկքաղաքացիություն։ Նախարարը միայն ասել է, որ մահապատժի է ենթարկվել չորս կանադացի։ Նա հրաժարվել է այլ մանրամասնություններ հայտնել՝ միայն հավելելով, որ այդ մարդկանց մեղադրել են «թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար»։
Ժոլին հավելել է, որ անձամբ մի քանի ամիս հետևել է դատապարտյալների ճակատագրին։ Արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ինքը և Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն անձամբ խնդրել են Չինաստանի իշխանություններին ներողամտություն ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ: