Բաժիններ՝

ՄԱԿ-ի մեկ աշխատակից զոհվել է, հինգը վիրավորվել են Գազայի հատվածում հարձակման հետևանքով

Միավորված ազգերի կազմակերպության մեկ աշխատակից զոհվել է, ևս հինգը վիրավորվել են Գազայի հատվածում՝ միջազգային այդ կառույցի հյուրատան վրա մարտի 19-ին իրականացված հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պայթյունը պատահական բնույթ չի կրել, ինչպես նաև պայմանավորված չէ ականազերծման աշխատանքներով:Միաժամանակ, իսրայելական զինվորականները հերքել են տեղեկությունն այն մասին, որ հարվածել են Դեյր էլ Բալահ քաղաքում գտնվող ՄԱԿ-ի շենքին, որտեղ գտնվում էին մարդասիրական ծառայությունների աշխատակիցները։

Շաբաթվա սկզբին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին զանգվածային հարվածների վերսկսման մասին: ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ ռազմական գործողությունները վերսկսելու որոշմամբ Իսրայելի կառավարությունը վտանգում է Գազայում մնացած պատանդների կյանքը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ՀԱՄԱՍ-ից պահանջել է անհապաղ ազատ արձակել խմբավորման մոտ մնացած բոլոր պատանդներին՝ հակառակ պարագայում սպառնալով օգտագործել երկրի ողջ ռազմական ներուժը: Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Դավիդ Մենսերն էլ նշել է, որ Գազայում ռազմական գործողությունների վերսկսումը համաձայնեցվել է Վաշինգթոնի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս