Սարսափում եմ մտածել, թե Փաշինյանի երրորդ վերընտրությունն ի՞նչ է արժենալու հայ ժողովրդի համար. Մամիկոն Ասլանյան

Արդեն չորրորդ օրն է՝ Բաքուն Երևանին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ։ Այդ մեղադրանքներին ի պատասխան՝ հայկական կողմը հերքում է տարածում՝ շարունակելով Բաքվից փաստեր պահանջել հրադադարի խախտման վերաբերյալ։

Նշենք, որ Ադրբեջանը հայկական կողմին դեռ չի փոխանցել հայկական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման որևէ փաստ, ինչից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ հերթական հայտարարությամբ՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել խաղաղության պայմանագիրը ստորագրելու տեղի և ժամկետների շուրջ։

ԱԳՆ-ի այս հայտարարությունից հետո էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Վանաձորի նախկին և վերընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, խոսելով Հայաստանի իշխանության կողմից ադրբեջանական բոլոր պահանջների բավարարման ու դրանց ի պատասխան՝ Բաքվից եկող ապատեղեկատվությունների մասին, նշեց, որ իր համոզմամբ, որևէ թուղթ չի կարողանալու խաղաղություն ապահովել։

Կարդացեք նաև

«Սա խաղաղության կամ հաշտության պայմանագիր չէ, դա միակողմանի մի փաստաթուղթ է՝ կազմված Հայաստանի պարտությունների հետևանքով»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։

Նրա խոսքով՝ հայկական շահն այդ պայմանագրում պաշտպանված չէ, հետևապես, անունն ինչ էլ լինի՝ խաղաղության, թե այլ, միևնույն է՝ գետնի վրա խաղաղության հաստատում տեսանելի չէ։

Փաշինյանական իշխանությունը, ըստ Ասլանյանի, պաշտոնավարման ընթացքում որևէ առաջընթաց չի կարողացել գրանցել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավելին՝ սկուտեղի վրա մատուցել է ադրբեջանական կողմին այն, ինչը եղել է նրանց համար 30 տարվա երազանք, հետևապես՝ ՔՊ-ական այս թիմն ու նրա ղեկավարը «մուրազ են Ադրբեջանի համար»։

«Իրենք ամենամեծ երազում անգամ չէին կարող Հայաստանում տեսնել այնպիսի իշխանություն, որը 2018 թվականից ՀՀ-ում իշխանության է։ ՔՊ-ն ամենաանսկզբունքային, իզմ-եր չունեցող մարդկանց խումբ է։ Սարսափում եմ անգամ մտածել, թե Փաշինյանի երրորդ վերընտրությունն ի՞նչ է արժենալու հայ ժողովրդի համար։ Մեր հասարակության էլիտարները, առաջնորդությունը վերցնել ցանկացողները պետք է բռունցքվեն։ Պետք է թույլ չտալ մեր պետականության գահավիժումը»,- ասաց Ասլանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս