
Հյուսիսային Մակեդոնիայում 7-օրյա սուգ է հայտարարվել, 15 մարդ` ձերբակալվել ողբերգական հրդեհից հետո

Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը 7-օրյա սուգ է հայտարարել, ինչպես նաև արտակարգ նիստ է հրավիրել գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով 59 մարդ է զոհվել, 155 մարդ՝ վիրավորել։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բացի այդ, ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու։ Ներքին գործերի նախարար Պանչե Տոսկովսկին ասել է, որ ձերբակալվածները կհարցաքննվեն։ Ըստ նրա՝ կան հիմքեր կասկածելու, որ հրդեհին առնչվող կաշառակերություն և կոռուպցիա է տեղի ունեցել։ Նախարարն ասել է, որ ակումբը գործելու լիցենզիա չի ունեցել։
Տվյալ վայրում նախկինում գորգերի պահեստ է եղել, որը վերափոխվել է ակումբի։ Այն ունեցել է միայն մեկ ելք, հետևի մուտքի դուռը կողպված է եղել և հնարավոր չի եղել օգտագործել։
Հրդեհը բռնկվել է մարտի լույս 16-ի գիշերը ժամը 02:30-ին, Կոչանի քաղաքի Pulse ակումբում, որտեղ շուրջ 500 մարդ հավաքվել էր DNK-ի՝ երկրում հայտնի հիփ-հոփ դուետի համերգին։ Խմբի միայն մեկ անդամ է ողջ մնացել. նա հիվանդանոցում բուժում է ստանում։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հրատեխնիկական սարքերի կայծերի պատճառով, որոնք դիպել են դյուրավառ նյութից պատրաստված առաստաղին։
Զոհերի և տուժածների մեծ մասը 18-20 տարեկան են։