
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը վճռական քայլ կլինի Հարավային Կովկասի կայունության ուղղությամբ. Քսավյե Բետել

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը, ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կարծիք է հայտնել, որ դրա ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ու տարածաշրջանի կայունության ուղղությամբ։ Այս մասին ասված է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Լյուքսեմբուրգը ողջունում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հայտարարությունները երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,-իր գրառման մեջ նշել է Քսավյե Բետելը։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։