
Բայդենի շնորհած ներումը իրավաբանական ուժ չունի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնաթողությունից անմիջապես առաջ ներում էր շնորհել որդուն՝ Հանթերին, որը մեղավոր էր ճանաչվել և դատավճռի էր սպասում քրեական 2 գործերով:
Հունիսին երդվյալ ատենակալները 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էին ճանաչել 2018-ին զենք գնելիս թմրամոլ լինելու փաստը թաքցնելու համար: 2024թ. սեպտեմբերին էլ Հանթեր Բայդենը խոստովանել էր մեղքը մեկ այլ՝ հարկերից խուսափելու գործով՝ 2016-2019 թթ. 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու համար, նրան սպառնում էր մինչև 17 տարվա ազատազրկում:
Բայդենը նաև ներում էր շնորհել իր ազգականներին: Իհարկե, նա առաջինը չէր դա արել:
Բիլ Քլինթոնը 2001-ին՝ իր 2-րդ ժամկետի վերջում, ներում էր շնորհել խորթ եղբորը՝ դերասան և երաժիշտ Ռոջեր Քլինթոնին, որը 1985-ին դատապարտվել էր կոկաինի համար:
Թրամփը 2020-ին ներում էր շնորհել դստեր՝ Իվանկայի սկեսրայրին՝ Չառլզ Քուշներին, որը դեռ 2005-ին դատապարտվել էր նախընտրական արշավների համար անօրինական նվիրատվությունների և հարկերից խուսափելու համար և երկու տարի բանտում էր անցկացրել: