
ԱՄՆ-ն վերսկսել է Եմենի վրա հարձակումները. հութիները հայտնել են ամերիկյան ավիակրին հարվածելու մասին

ԱՄՆ-ն խոստացել է շարունակել Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիներին հարվածներ հասցնել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարել հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի վրա։ Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Այն պահին, երբ հութիներն ասեն՝ «մենք կդադարենք կրակել ձեր նավերի վրա», այդ ժամանակ մենք կդադարենք կրակել ձեր անօդաչուների վրա։ Այս արշավը կավարտվի։ Բայց մինչ այդ այն անողոք կլինի», – ասել է Հեգսեթը՝ հավելելով, որ սա կարևոր ջրային ուղի է, որով պետք է վերսկսվի ազատ նավագնացությունը, ինչը նաև ԱՄՆ-ի ազգային շահերից է բխում։
Ըստ Al Mayadeen-ի՝ մարտի 17-ին ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդայի և ալ-Ջաուֆի նահանգներում գտնվող օբյեկտների։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն իր հերթին ռազմական ինքնաթիռի թռիչքի տեսանյութ է տարածել՝ նշելով հութիների դեմ գործողությունները շարունակելու մասին։
Իր հերթին, մարտի 17-ի վաղ առավոտյան հութիների ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում շարժումը երկրորդ անգամ հարված է հասցրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան «Հարի Ս. Թրուման» ավիակրին։ Նա նշել է, որ մի քանի ժամ շարունակվող բախումների ընթացքում ամերիկյան ավիակրի վրա են արձակվել բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
Սակայն ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները խոցել են հութիների 11 ԱԹՍ, որոնցից ոչ մեկը չի մոտեցել «Հարի Ս. Թրուման» նավին։
Ամերիկյան ուժերը նաև հրթիռ են որսացել, որն ընկել է Եմենի ափերի մոտ։ Հութիներն ավելի վաղ հայտնել էին, որ կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով և Ադենի ծոցով, ինչպես նաև կթիրախավորեն ամերիկյան նավերը, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է հարվածել Եմենին։
Մարտի 15-ին ամերիկյան հարվածներից առնվազն 53 մարդ էր զոհվել Եմենում։ Սա հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից ի վեր ամերիկյան ամենախոշոր ռազմական գործողությունն էր Մերձավոր Արևելքում։
Դոնալդ Թրամփն Իրանին կոչ է արել անմիջապես դադարեցրել իր աջակցությունը հութիներին։ Թրամփը նշել է, որ եթե Իրանը սպառնա ԱՄՆ-ին, ապա լիարժեք պատասխանատվության կենթարկվի դրա համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին իր հերթին հայտնել է, որ հութիներն իրենք են իրենց սեփական որոշումները կայացնում։
«Մենք մեր թշնամիներին նախազգուշացնում ենք, որ Իրանը վճռորոշ և կործանարար պատասխան կտա, եթե նրանք շարունակեն իրենց սպառնալիքները», – ասել է Սալամին պետական ԶԼՄ-ներին։
Հութիները, որոնք վերջին տասնամյակի ընթացքում իրենց վերահսկողության տակ են վերցրել Եմենի մեծ մասը, անցյալ շաբաթ հայտարարեցին, որ կվերսկսեն Կարմիր ծովով անցնող իսրայելական նավերի վրա հարձակումները, եթե Իսրայելը չդադարի արգելափակել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։
«Անսար Ալլահ»-ը տվյալ տարածաշրջանով անցնող նավերի վրա հարձակումներ էր գործում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն պաղեստինցիների։