Ես մանրամասն կներկայացնեմ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը, որ բոլորի համար պարզ լինի իրականությունը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում հանգրվանած Արամ Հարությունյանը ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին աջակցել այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ ունեն երկրորդ նախագահի հետ։ Դրա վառ ապացույցն են համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ Արամ Հարությունյանը սպասում է Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում։

Քաղաքական քննադատությունը կարևոր է քաղաքական կյանքում, բայց միայն այն դեպքում, երբ այն լինում է օբյեկտիվ, հիմնավորված և բովանդակային, այլ ոչ թե հիմնված տաքսիներում լսած խոսակցությունների մակերեսային մակարդակի վրա։

Ձեր պնդումների մեջ այնքան իրականությանը չհամապատասխանող բան կա, որ կարելի էր ամբողջը վերախմբագրել։ Բայց կանդրադառնամ միայն մեկ կետին, որը հաճախ է քննարկվում՝ Կարեն Կարապետյանի դերին։ Դուք ասում եք, թե նրան չեն ենթարկվել ուժայինները, կամ որևէ «ինստրուկցիա»չի եղել, որ ենթարկվեն։ Սա սուտ է։

Քաղաքական իրադարձությունները պետք է դիտարկել փաստերի, ոչ թե շահարկումների ու թյուր տեղեկատվության համատեքստում։ Անհրաժեշտ է նայել իրական փաստերին և չտարվել անբովանդակ քարոզչությամբ։

Ես մանրամասն կներկայացնեմ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը, որ բոլորի համար պարզ լինի իրականությունը:

2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակագրությունը

• Ապրիլի 12-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, ՀՀԿ ԳՄ նիստում ինքը առաջադրելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

• Ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանը պաշտոնապես առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

• Ապրիլի 14-ին, Ծաղկաձորում տեղի ունեցող ՀՀԿ խորհրդի նիստում Կարապետյանը կրկին առաջադրում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, և կուսակցությունը միաձայն ընդունում է այդ որոշումը։

• Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրում է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ։

• Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը որոշում է հրաժարական տալ, նա Կարեն Կարապետյանին հարցնում է, թե արդյոք վերջինս պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը՝ այս իրավիճակում։ Կարապետյանը համաձայնվում է դառնալ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։

• Այս խոսակցությունը նախապես է եղել, և եթե Կարեն Կարապետյանը կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում էին, որ նրա առաջադրումն անհնարին է, ապա դա կարելի էր բաց տեքստով ասել։ Բայց Կարեն Կարապետյանը չէր հրաժարվում պատասխանատվությունից և հայտարարում էր, որ պատրաստ է առաջադրվել որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։

• Ապրիլի 24-ին տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցում են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Կարեն Կարապետյանը։

• Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և այդ որոշումը կայացվում է Կարեն Կարապետյանի ներկայությամբ։

• Այդ պահի դրությամբ Կարեն Կարապետյանը միակ անձն էր, ով լիազորված էր բանակցելու Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

• Ապրիլի 25-ին ՀՀԿ խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցում էին և Սերժ Սարգսյանը, և Կարեն Կարապետյանը, կրկին որոշվում է, որ Կարեն Կարապետյանը կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու և պետք է առաջադրվի մայիսի 1-ին։

• Ապրիլի 28-ին ՀՀԿ խմբակցության նիստում, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի ներկայությամբ, Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, նա հրաժարվում է առաջադրվել։

• Մայիսի 1-ին, Սերժ Սարգսյանի հորդորով, ՀՀԿ-ն դեմ է քվեարկում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

• Ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն քաղաքականապես դեմ էր Նիկոլ Փաշինյանին, այլ նաև այն պատճառով, որ ցանկանում էր քաղաքական այլ ուժերին ժամանակ տալ՝ իրենց թեկնածուն առաջադրելու համար։

• Սակայն այլ քաղաքական ուժերից ոչ ոք այլընտրանքային թեկնածու չի առաջադրում, իսկ պատգամավորների 1/3-ը առաջադրում է Նիկոլ Փաշինյանին։

• Մայիսի 8-ին, քաղաքացիական բախումների սպառնալիքի, քաղաքական ճնշման և զանգվածային ակցիաների արդյունքում, ԱԺ-ում հավաքվել էր 45 ձայն , ՀՀԿ-ն, այլևս չունենալով իշխանություն, որոշում է Նիկոլ Փաշինյանին տալ անհրաժեշտ 10 ձայնը, որպեսզի երկիրը խուսափի քաոսից և բախումից։

Հ.Գ.

Այդ ժամանակահատվածում Կարեն Կարապետյանը հանդիսանում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար և ուներ վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ։ Նա լիազորված էր ցանկացած անձի ազատել պաշտոնից, նշանակել կամ փոխել առանց որևէ խոչընդոտի»։

Տեսանյութեր

Լրահոս