
Իտալիան, Հունաստանը, Լեհաստանը և Բրազիլիան ևս ողջունել են ՀՀ-ի և Ադրբեջանի հայտարարությունը՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այս մասին նշված է Իտալիայի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
«Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելու համար»,- հայտնում է Իտալիայի ԱԳՆ-ն։
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ։ Պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար ճանապարհ կհարթի»,- ասված է Հունաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։
Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը և հուսով է, որ այն արագ կստորագրվի։ Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության կայունությանն ու զարգացմանը՝ օգուտ տալով երկու երկրներին»,- նշված է ԱԳՆ էջում։
«Բրազիլիայի կառավարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը` համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որի իրագործումից հետո կվերականգնվի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները։ Բրազիլիան խրախուսում է կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես ամուր և կայուն խաղաղության ճանապարհ և հայտնում է իր ակնկալիքը, որ գործընթացը կարող է ավարտվել որքան հնարավոր է շուտ»,-այս մասին նշված է Բրազիլիայի կառավարության հայտարարության մեջ։