
Թրամփը չի երկարաձգել ռուսական էներգառեսուրսների համար վճարումների լիցենզիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է լիցենզիայի գործողությունը, որն արտասահմանյան ընկերություններին թույլ էր տալիս ռուսական էներգառեսուրսների համար վճարումներ կատարել պատժամիջոցների տակ գտնվող բանկերի միջոցով: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը։
Ինչպես հեռուստաալիքին հաստատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, 8L գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը լրացել է մարտի 12-ին։
«Վարչակազմն առաջվա պես կենտրոնացած է մարտական գործողությունները դադարեցնելու և պատերազմին վերջ տալու շուրջ բանակցություններին աջակցելու վրա», – հայտարարել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
«Մենք շարունակում ենք կիրառել մեր պատժամիջոցները, որոնք մնում են այդ նպատակներին հասնելու լծակներից մեկը», – նշել է նա։
Ամերիկյան իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտարարել լիցենզիայի գործողության դադարեցման մասին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մարտի 12-ին հայտարարել էր, որ չգիտի՝ արդյոք Թրամփը երկարացրել է թույլտվության ժամկետը: