
Ի՞նչ է Հայաստանին զիջում Ադրբեջանը. Արարատ Միրզոյանը հարցին չպատասխանեց
Ադրբեջանի հետ խաղաղության այս համաձայնագրով Հայաստանը դուրս է գալու մի մեծ ու խոր, երկարամյա ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք ու թաղվենք։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե այս բանակցային գործընթացում Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։
«Արդյոք համնաձայնագրում կա՞ կետ, ըստ որի՝ Ադրբեջանի հետ պայմանավորվել եք, որ պայքարելու եք, այսպես կոչված, ռևանշիզմի դեմ։ Փաշինյանը երեկ ասաց, որ պայմանավորվել են, որ խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չպետք է իրականացվեն։ Օրինակ` նման քայլ կարո՞ղ է լինել Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք։ Ձեզ համար կաթողիկոսը ռևանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք իր դեմ»,–ՀՀ արտգործնախարարից հետաքրքրվեց Վարդանյանը։
Կաթողիկոսի մասով հարցին Միրզոյանի պատասխանը կարճ էր. «Ոչ, չենք համարում»։
Շարունակելով միտքը` նա նաև նշեց, որ խաղաղությունը ՀՀ-ի գոյության միակ ձևն է, և Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից։
«Կան հարցեր, որոնք կարգավորված են, կան հարցեր, որոնք պետք է կարգավորվեն, կան պահանջներ, որոնք կա՛մ մենք, կա՛մ իրենք չեն կիսում, նույնը վերաբերում է ակնկալիքներին։ Այս համաձայնագրի հետ կապված թնջուկն ու բարդությունների խումբն իսկապես մեծ է. խաղաղությունն ընդհանրապես հեշտ գործընթաց չէ»,- հայտարարեց նա։
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկումներին` Միրզոյանն ասաց, որ խաբկանք և պատրանք կարող է տրվել ժողովրդին, երբ օրինակ, ասվի, որ խաղաղությունն ունի այլընտրանք ի դեմս պատերազմի, հոխորտանքների, ռազմական գործողությունների։
«Կարճաժամկետ քաղաքաքական դիվիդենտների համար հայ ժողովրդին, Հայաստանն ավելի խոր փոսի մեջ չգցենք։ Ոչ թե մեկ մարդու, նույնիսկ 3 միլիոնի մասին չէ խոսքը։ Պետությունների ճակատագրական հարցերի մասին խոսելիս երևի թե տեղին չէ այդ ամենը չափել պահանջների քանակով` սա դու ես անում, սա` ես»,- հայտարարեց Միրզոյանը։