Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, միջանցքի մասին որևէ դրույթ չկա․ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Բաքվի հետ համաձայնեցված Խաղաղության համաձայնագրի տեքստում միջանցքի մասին  որևէ դրույթ չկա։

«Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում՝ երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»,- ասաց նա՝ նշելով, որ «Երևանի մոտեցումն ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել»։

«Մենք առաջարկել ենք նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացն՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր երթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան», – հայտարարեց Միրզոյանը։

Բաքուն առանց ստուգումների ճանապարհ է պահանջում արդեն չորս տարի, Հայաստանի իշխանությունն անցած տարիներին տարբեր առաջարկներ է արել Ադրբեջանին համաձայնության հասնելու ակնկալիքով՝ սկսած պահնորդական կազմակերպությանը հարցը արտապատվիրակելուց մինչև պարզեցված ընթացակարգերի կիրառում: Երևանում ընդդիմությունը հայտարարում է, թե Երևանն ինչ էլ առաջարկի, Բաքուն փոխադարձության սկզբունքը չի ընդունի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահանջից չի հրաժարվի:

Միրզոյանը վերահաստատեց՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, տեքստը համաձայնեցված է։

«Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրված հարաբերությունների կարգավորման և մեր շուրջ՝ Հայաստանի շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի ժամանակի և մյուս մանրամասներ շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս