Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանին. «Ազատություն»

Հայաստանի երրորդ նախագահը մեղքը չի ընդունում:

Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել 20 տարվա վաղեմության գործարքների համար: Գլխավոր դատախազությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր հայտնեց, որ դատախազը հունվարին 23 դրվագներով քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում: Նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը փոխանցեց.

«Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարվել է հերթական շինծու մեղադրանքը։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոտքից գլուխ շինծու մեղադրանք է և շինծու քրեական հետապնդում»:

Ըստ Դատախազության, այս քրեական գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Նախկին նախագահը ստորագրություն է տվել չբացակայելու մասին:

«Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, ամբողջությամբ քաղաքացիա-իրավական գործարքներ են, որոնք Դատախազության կարծիքով, իրենց տված գնահատականներով՝ բերել քրեականացրել են քաղաքացիա-իրավական գործարքները,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շարունակելով,- Պարոն նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն համարվող գույքեր օտարվել են, Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով»:

Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, մեծ մասը դիմացի մայթին են։

«Բացարձակ իրականության հետ կապ չունեն փաստական առումով, որովհետև այդ հողատարածքները բավականին մեծ հեռավորության վրա են Եռաբլուր զինվորական պանթեոնից, սա ընդգծում են հուզական ֆոն ստեղծելու, այդ տպավորությունը հանրության մոտ իրականություն ներկայացնելու համար: Սա բացարձակ ապատեղեկատվություն է», – պնդեց փաստաբանը:

Ըստ Մակինյանի՝ խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր և հողամասերը վաճառել է Կառավարության որոշման հիման վրա:

«Բոլորս էլ գիտենք, որ քաղաքացիա-իրավական գործարքները այսօր Դատախազությունը գնահատում է որպես փողերի լվացում», – ասաց նախկին նախագահի փաստաբանը:

Մակինյանը նշեց, որ երրորդ նախագահին մեղադրում են այդ հողամասերը շուկայականից ցածր գնով վաճառելու համար, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դրանք օտարվել են այդ ժամանակ գործող իրական գներով: Փաստաբանը չասաց, թե ի վերջո ում են օտարվել այդ հողամասերը, նշեց՝ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Եվ որ այդտեղ ոչ յուրացում, ոչ վատնում, ոչ էլ փողերի լվացում կա: Ընդգծեց՝ այդ հողամասերից և ոչ մի հատված նախագահին կամ նրա ընտանիքի անդամներին երբևէ չի պատկանել: Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, այն առնչվում է պետությունից օտարված հողամասերի հետագա վաճառքներին, որոնց, սակայն, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի:

«Պարոն նախագահին 2005-25 թվականների ընթացքում երբևէ այդ հողամասերից անգամ մեկ քառակուսի մետր չի պատկանել»,- հայտարարեց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը չասաց, թե իրավապահները որքան գումարի յուրացման և փողերի լվացման համար են մեղադրում երրորդ նախագահին: Չասաց նաև, թե արդյոք 2005 թվականին տեղի ունեցած գործարքի շուրջ քրեական գործով անցել են վաղեմության ժամկետները:

Սերժ Սարգսյանին առնչվող առաջին քրեական գործը՝ վառելանյութի յուրացումը, այժմ Վերաքննիչ դատարանում է: Սարգսյանի արդարացման որոշմանը չհամաձայնած Դատախազությունը բողոքարկել է այն:

«Էնպես չի, որ էս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ողբերգություն ապրեի։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, և ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի»,- 2024-ի մայիսի 31-ին՝ արդարացման դատավճռի հրապարակման օրը հայտարարել էր նախկին նախագահը։

Մինչ իշխանությունները վստահեցնում են, թե իրավապահների գործերին չեն միջամտում, Հանրապետական կուսակցությունն այսօր տարածած հայտարարությունում կրկին պնդեց՝ թե՛ երրորդ նախագահի և թե՛ հանրապետական մյուս գործիչների դեմ քրեական գործերը քաղաքական հետապնդումների օրինակներ են: Իսկ այս գործերով իշխանությունը, ըստ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության, փորձում է շեղել հանրության ուշադրությունը «հակապետական զիջողական գործողություններից»:

Տեսանյութեր

Լրահոս