
Ընդդիմությո՛ւն, չեզոքացրե՛ք Փաշինյանի իշխանությունը. նա Հայաստանի դեմ սպառնալիքների աղբյուր է. Խոսրով Հարությունյան
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ հերթական հարցազրույցն էր հրապարակել, որում ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման հարցին, և, մասնավորապես, Հայաստանի առաջարկին։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո»,- գրել էր Փաշինյանը։
Կասի՞ «այո» Ալիևը Փաշինյանի այս առաջարկին, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել 1992-1993 թվականներին Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանից։
«Իհա՛րկե Ալիևը կասի՝ ո՛չ»,- ասաց Խ. Հարությունյանը՝ ընդգծելով՝ այն, ինչ ադրբեջանական կողմին առաջարկել է Փաշինյանը, ամենևին էլ չի բավարարում ադրբեջանական ախորժակը, քանզի Ալիևի նպատակը ոչ թե ճանապարհն է, այլ Սյունիքի մարզը՝ ամբողջությամբ։
«Փաշինյանի առաջարկը Հայաստանի տնտեսության հետ որևէ կապ չունի, ինչի՞ մասին է խոսքը։ Հայաստանի այդ ո՞ր տնտեսվարողն է այդ գծից օգտվելու, հետևապես՝ Փաշինյանը դա է առաջարկում, որովհետև նպատակն է՝ Մեղրիով երկաթգիծ կառուցել ու տալ Ալիևին այդ տարածքը, պարզապես Ալիևը չի համաձայնում, որովհետև իր նպատակն ամբողջ Սյունիքն է, չէ՞ որ հենց այնպես չի խոսում «Արևմտյան Ադրբեջան» ասվածից։
Մեղրիով 47 կիլոմետրանոց տարածքով երկաթգիծ կառուցել նշանակում է՝ Հայաստանը 150 միլիարդ իր բյուջեից պետք է ներդնի, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանին, իսկ Ալիևն ասում է՝ ինչո՞ւ համաձայնեմ դրան, եթե վաղ թե ուշ ամբողջ Սյունիքն եմ վերցնելու։ Ադրբեջանը կոնֆլիկտ է հրահրում, որ կարողանա մտնի Սյունիք»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով, թեև իրանական բարձրագույն ղեկավարության կողմից ոչ մեկ անգամ արվել են հայտարարություններ, որ Իրանի համար անընդունելի է սահմանների ու դեմոգրաֆիական պատկերի փոփոխությունը, սակայն չպետք է ենթադրել, որ Իրանը մեր համար ռազմական գործողությունների կդիմի. իրանական զորքը հայ-իրանական սահմանին որևէ գործողության չի դիմի։
«Մենք պետք է պահենք Սյունիքը. ոչ ոք մեր երկրին տիրություն չի կարող անել՝ մեզանից բացի, իսկ դրան հակառակ՝ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում, խոսում է Խաղաղության խաչմերուկի մասին, ինչն իրականում քողարկված ձևով Մեղրիով Ադրբեջանին Թուրքիայի հետ կապելու ծրագիր է։ Պետք է մտոք կույր լինել սա չհասկանալու համար,- ասաց Հարությունյանը՝ հավելելով,- Հայրենի իշխանությունը դարձել է Հայաստանի դեմ նոր սպառնալիքների աղբյուր, հետևապես, եթե ուզում եք արտաքին սպառնալիքները չեզոքացնել, չեզոքացրեք Փաշինյանի իշխանությունը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։