
ՀՀ երրորդ նախագահը դրսևորել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և գործել է առաջնորդվելով իր ժողովրդի և պետության շահերով. Լևոն Նազարյան

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Է՜հ, լավ հետո… Սա է առաջին արձագանքս, որն ունեցա ԱԺ միջանցքում իր նախկին գործընկերների հետ տիկին Խամոյանի ունեցած հարց ու պատասխանից։ Գաղտնիք չեմ բացահայտի` ասած լինելով, որ «Մի կաթիլ մեղրը» գեղարվեստական գործ լինելուց բացի նաև հանճարեղ ձևակերպված քաղաքական տեխնոլոգիա է և ենթադրում եմ, որ այս պարագայում ավելի կարևոր է պարզել, թե ում կճուճից է ծորացել այդ մի կաթիլը` ՀՀ երրորդ նախագահի կենսագրության փեշերը քաշքշելու փոխարեն…
Անտիկ փիլիսոփաներն իմաստություն ունեյին, ըստ որի ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ և գուցե ընթացող թեպետ սուր, բայց բովանդակային տարակարծությունների առճակատումն օգտակար էր խնդրի հանգուցալուծման եզրերին հասնելու համար, սակայն մինչև այն պահն, երբ հիշողությունը սկսում է վախճանվել, քանզի նույն հույն մտածողները պնդում էին նաև, որ ճշմարտությունը գոլորշիանում է, երբ վեճը սկսում է թեժանալ` մեր դեպքում, երբ վեճը սկսում է մերժել իրադրային հիշողությունը։
Նույն հին հույն մտածողները գտնում էին, որ կրկնությունը գիտության մայրն է, սակայն քաղաքականության համար անընդունելի հետահայաց վերլուծությունների դեպքում, պետք է չմոռանալ, որ անհարկի կրկնությունը նաև բթության հայրն է, ուստի այդ ծուղակից խուսափելու համար անհրաժեշտ է թարմ պահել հիշողությունն… ի դեպ, ոչ անհայտ կճուճից ծորացած մեղրը, եթե համարժեք օշարակի վերածվեր, բավականին դրական կանդրադառնար՝ 2018թ. իրադարձությունները թարմ մտապահելու և ստույգ գնահատելու համար։
Նախ 2018թ. ապրիլյան, ապա նաև մայիսյան խժդժությունների մասով. ՀՀ երրորդ նախագահը դրսևորել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և գործել է առաջնորդվելով իր ժողովրդի և պետության շահերով։
Վերջինիս, այդ դրվագի գործողությունների մասով հավակնություններ կարող են ներկայացնել միայն և միայն այն քաղաքական ուժերն /եզակի անձանց չհաշված/, ովքեր այդ օրերին 10 կամ գոնե 5 հոգանոց խմբով կամ նույնիսկ թեկուզ միայնակ հանրային կեցվածք են դրսևորել և սատարել երրորդ նախագահին առկա ճգնաժամի պայմաններում, իսկ այդպիսիք ուղղակի չկան։
Հետևաբար՝ ողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանը կրել է անձամբ` հետամուտ ՀՀ սահմանադրությանը և իր խղճին։ Ավելացնեմ նաև, որ ապրիլի 22-ին Փաշինյանն, ի վերջո, կալանավորվեց, ուստի շան գլուխն այլ տեղ փնտրեք։
2018թ. երրորդ նախագահը կատարել է իրեն հղված հասարակական պահանջը, իշխանությունը վերադարձնել ժողովրդին, այլապես քաոսը երաշխավորված էր… ինչին Սերժ Սարգսյանն ընդառաջ է գնացել` ցուցաբերելով իր հավատարմությունն իշխանությունից ավելի կարևոր արժեքների։ Իսկ 2018թ. մայիսի 8-ին այլ վարչապետացու չառաջադրելու փաստը և Նիկոլի շանտաժին տրվելու քաղաքական հեշտանքը փաստում են, որ խնդիրը բացառապես ՀՀԿ-ին քաղաքական լուսանցք մղելն էր, իսկ տարփողվող հնարավոր չանցկացված արտահերթ ընտրությունների 93%-ոց արդյունքներն միայն կսրեին Նիկոլի գիշատիչ քաղաքական ախորժակը` հնարավոր ընդդիմացողների հանդեպ, որն էլ ի դեպ կատարվեց փոքր ինչ ուշ` դեկտեմբերին։
2021թ. ընտրությունների մասով. տիկին Խամոյանը չի կարող ժխտել այն փաստն, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին ներկա էին ոչ միայն իրենց պոտենցիալ ընտրողները, այլև հասարակության գիտակից հատվածի սերուցքն, ովքեր առաջնորդվելով հարգարժան երկրորդ նախագահի բանավոր հորդորով, ձգտում էին օր առաջ ազատվել կապիտուլյանտ վարչակարգից։ Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց՝ չկիսելով ընտրությունների գաղափարը, այնուհանդերձ գնալ դրանց… մեզ մանդատները առանձնապես հետաքրքիր չէին…
Ուստի ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան հիշողության նման զեղումներով չի կարող իրենից հեռացնել սահմանադրական ճանապարհով Նիկոլին իշխանազրկելու խոստման նախընտրական պատասխանատվությունը, որը դամոկլյան սուր է կախված բոլորիս գլխավերևում` սպասվող որևէ համապետական ընտրություններում։
Հետևաբար՝ յուրաքանչյուր հայրենասեր, ելնելով 2021թ. էմպիրիկ փորձառությունից, ունի լիարժեք բարոյական իրավունք պահանջելու իշխանափոխության որևէ ծրագրի օրակարգային և բովանդակային բացվածք դա առաջադրող քաղաքական միավորից, անկախ նրա ծագումից և հեղինակության աստիճանից։
Կարծում եմ նաև, որ ճշմարտության առջև չմեղանչելու համար, անվանապես կոնկրետ հանրապետականների և անձամբ ՀՀ երրորդ նախագահին անդրադառնալիս իմ կողմից սիրված նախկին քաղաքական հաղորդավար և ԱԺ պատգամավոր տիկին Խամոյանը լավ կանի նաև հիշատակի թե ովքե՞ր, ավելի ճիշտ՝ ո՞վ TV5 հեռուստաընկերությունը նվիրեց երկրորդ նախագահի թիմին, ե՞րբ և ինչո՞ւ համար, որտեղ էլ վերջինս իրականացրեց իր ստացված քաղաքական կարիերան։
Հ.Գ. Երկրորդ նախագահի հանդեպ մեր լայն սատարման փաստը պատեհ առիթով մեր կողմից հիշատակումը, որպես «լավություն վաճառել» որակելիս, հիշեք, որ նույն տրամաբանությունը ձեզ տրված քվեների տերերին ասելու դեպքում առաջանալու է քաղաքական դեֆոլտ։
Ուստի, ավելի լավ չէ՞ զվաղվել այդ մարդկանց հետ հաղորդակցմամբ, Հայաստանի երրորդ հանրապետության ամենակայացած քաղաքական ուժի շուրջը կավճով օղակներ գծելու փոխարեն…»։