
Հիմա Ռուսաստանը շատ արագ պետք է ցույց տա, որ չի պահում Նիկոլ Փաշինյանին. Նարեկ Մալյան
Նիկոլ Փաշինյանը մշտապես է եղել բանավոր արևմտամետ, հակառուսականություն արտահանող մեկը, որը ժամանակ առ ժամանակ երկրում ուժեղացնում է հակառուսական դոզան. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ մինչև այժմ ռուսական կողմն այդ ամենի վրա աչք էր փակում՝ պայմանավորված ուկրաինական ֆրոնտով։
«Հիմա իրավիճակ է փոխվել։ Փաշինյանն ավարտված էպոխա է, տարածաշրջանն այլևս լինելու է առանց Նիկոլ Փաշինյան»,- ասաց Նարեկ Մալյանը։
Թե ինչո՞ւ 2020 թվականի արցախյան 44 օրյա պատերազմից հետո Փաշինյանի պես գործիչը պետք էր, իսկ այժմ՝ ոչ, երբ կա այդ պատերազմի հետևանքով ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարման հարցը, Նարեկ Մալյանն ասաց.
«Ընտրվել էր Փաշինյանը՝ որպես փորձված թան. ԱՄՆ-ին Փաշինյանը պետք էր Հայաստանում ռուսների դեմ երկրորդ ճակատ բացող մեկը, իսկ ռուսական կողմին պետք էր Հայաստանն էքսցեսների չտանող մարդ։ Հիմա իրավիճակն այլ է։ Հիմա ստեղծվել են բոլոր նախադրյալները, որ Նիկոլ Փաշինյանն այլևս պետք չէ։ Փաշինյանի ծառայություններն ԱՄՆ-ին այլևս պետք չեն, իսկ Ռուսաստանում Փաշինյանի ապագայի հետ կապված որոշում չկա։
Փաշինյանը հույս ունի, որ ռուսները կողորման իրեն։ Նա փորձում է ռուսներից իր համար բաղձալի զանգը ստանալ։ Իրեն թվում է, թե ռուսական շրջանակներն ինֆանտիլ են, բայց ռուսները շատ լավ հասկանում են, որ Փաշինյանին աջակցությունը ռուսաֆոբիային աջակցություն է, հետևաբար՝ ռուսն ունի դրա հակառակն ապացուցելու խնդիր։ Հիմա Ռուսաստանը շատ արագ պետք է ցույց տա, որ չի պահում Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Մալյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։