
Էմմա Պալյանը ձրի չի պատռում իրեն. ընդդիմադիր թեկնածուին նոն ստոպ ռեժիմով ստատուսներ ձոնելը գին ունի

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության՝ պարբերաբար սկանդալային պատմությունների մեջ հայտնվող շիրակցի պատգամավոր կա՝ Էմմա Պալյան անուն-ազգանունով:
Վերջին շաբաթվա ընթացքում հատկապես ինքն ու իր ընտանիքի անդամները աչքի են ընկնում այնպիսի արտահայտություններով ու գործողություններով, որոնք, եթե մենք ընտրովի արդարադատության ջատագով իշխանություն չունենայինք, անպայման կհայտնվեին իրավապահների ուշադրության ներքո:
Մեկ ինքն է հպարտորեն հայտարարում, որ մարզի դպրոցների տնօրենները ինքնաբուխ ու ինքնամոռաց մեծ հաճույքով կամ սիրով կամ երկուսը միասին գլխապատառ նետվում են՝ իր եղբորը պատկանող գրախանութից գրենական պիտույքներ գնելու, մեկ այդ եղբայրը համացանցում աչքի է ընկնում արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելով ու հետո դրա համար ներողություն խնդրում, կա՛մ էլ ականատես ենք լինում, որ այդ ընտանիքում արցախատյացությունը սովորական երևույթ է, ու Էմմա Պալյանի հայրը նույնպես հետ չի մնում դեռահասին բնորոշ գերակայություն ցույց տալու մոլուցքը ցուցադրելու հարցում: Դե իրենք հիմա իշխանություն ունեն, ինչ ուզեն, կարող են անպատիժ անել:
Բայց Էմմա Պալյանը նաև այլ «շատ կարևոր» գործառույթ ունի. Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններով պայմանավորված՝ սևացնում է ընդդիմադիր թեկնածուներին, հատկապես սևեռված է պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանի վրա:
Պարզվում է՝ պատգամավոր Պալյանը շատ ծանրակշիռ մոտիվացիա ունի այդպես իրեն առաջ նետելու համար:
Երեկ ուշ երեկոյան, ՔՊ վարչության հերթական նիստն էր. քննարկվել են Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։
Եվ ահա, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Էմմա Պալյանի ակտիվությունը հենց դրանով էլ պայմանավորված է, ու դա գին ունի:
Բացի նրանից, որ Պալյանն ամուսնուն՝ Ալբերտ Մարտիրոսյանին, ԱԺ-ում ձևակերպելուց հետո, առաջ կամ զուգահեռ, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ, աշխատանքի է տեղավորել, ուսանող դարձրել, ով, ըստ ՇՊՀ-ում տարածված լուրերի, առհասարակ դասի չէր գնում, բացի «Գյումրի ավտոբուսի» կա՛մ տարածքում, կա՛մ հարակից տարածքում բավականին մեծ ավտոլվացման կետ ունենալուց, որից օգտվում են Գյումրին սպասարկող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, ինչպես նաև շտապօգնության մեքենաները, հավանաբար էլի ինքնաբուխ ու հաճույքով, բացի գրենական պիտույքներ վաճառելու՝ ընտանիքի համար վառված կանաչ լույսից, կա մի ավելի կարևոր բան, որի համար այս փուլում Էմմա Պալյանը ջանք ու եռանդ չի խնայում ՔՊ-ականների ու Նիկոլ Փաշինյանի աչքում մի մակարդակ ևս բարձրանալու համար:
Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ Էմմա Պալյանը հաջողացրել է ամուսնուն տեղավորել ՔՊ-ի՝ Գյումրիի ավագանու ցուցակում, և այն էլ՝ անցողիկ տեղում: Մեր տեղեկություններով՝ Պալյանի ամուսինը ցուցակում 16-րդ տեղում է:
«Հեղափոխությունից առաջ Գյումրիի «Կիլիկիա» բիստրոյում քաբաբ ու իքիբիր փաթաթող Աբուլիկը (Ալբերտ Մարտիրոսյան.- Գ.Ս.) մարդ է դարձել ու արդեն ավագանու ցուցակում է»,- իրենց վրդովմունքը չէին թաքցնում 168.am-ի հետ կապ հաստատած գյումրեցիները:
Այնպես որ, ՔՊ-ականները հենց այնպես ոչինչ չեն անում. յուրաքանչյուր ծառայություն գին ունի: